Մարդս արդեն մի քանի տարի ա խոպանից տուն չի գալիս: Շատ-շատ մի 10 օրով գա ու նորից հետ գնա: Պատճառաբանում է, որ գործերը շատ են, չի կարա թողի գա, ուրիշին էլ չի վստահում, բայց ես հո գիտեմ, որ պատճառը դա չի:Առանց էդ էլ ուղարկած փողը փողի նման չի, հազիվ ենք ծերը ծերին հասցնում, երեխեքն էլ հորը սպասելով են մնում:
Ես վաղուց էի կասկածում, որ ամուսինս այնտեղ ուրիշ կնոջ հետ է կապվել, բայց ապացույցներ չունեի: Վերջին անգամ, որ եկել էր, հեռախոսը վերցրեցի, քրքրեցի ու գտա այն, ինչ փնտրում էի: Հեռախոսի մեջ ամբողջությամբ այդ կնոջ ու ամուսնուս նկարներն էին, նրանց հետ նաև փոքր երեխա կար նկարներում, ով շատ նման էր ամուսնուս: Ես գրեթե համոզված եմ, որ նա ամուսնուս երեխան է:
Այսինքն ամուսինս այնտեղ ընտանիք ունի, իսկ մենք այստեղ բախտի քմահաճույքին ենք թողնված: Սկզբում ուզում էի ուղղակի երեխաներիս վերցնեի գնայի, բայց հետո որոշեցի պայքարել: Մի քանի օր առաջ սկեսուրիս ասեցի, որ երեխաներիս հետ ուզում եմ գնամ Ռուսաստան՝ ամուսնուս մոտ: Ինքն էլ հունից դուրս եկավ, թե բա մեզ ու՞ր ես թողում գնաս, բա մեզ ով ա պահելու, ով ա ճաշ սարքելու: Ասում եմ՝ ընտանիքս քանդվում ա, տղեդ ընդեղ երկրորդ ընտանիք ունի, ասում ա՝ հա ո՞վ չունի որ, մի օր հետ կգա էլի: Ես ուղղակի շոկի մեջ էի նրա պահվածքից ու խոսքերից: Նա եսասիրաբար միայն իր մասին է մտածում, նրա հեչ պետքն էլ չի, որ տղայի ընտանիքը քանդվում է: