Աշխարհի տարբեր ծայրերում ապրող ՀԱՅԵՐԻՆ անդրադարձել ենք բազմիցս, սակայն այս հոդվածը Ձեզ առանձնահատուկ մեկի մասին է պատմելու: Գիտեի՞ք արդյոք, որ Կարիբյան ծովում մի ՀԱՅ, ունի սեփական նավն ու անպրում է այնտեղ:
Երկար տարիներ Կարիբյան ջրերում նավարկող Արվին Հաղնազարյանը 2017 թ.-ին իր տունն առաջին անգամ կարճ ժամանակով խարսխում ու Հայաստան է գալիս՝ հայկական անձնագիր ունենալու երազանքով։ 2019 թ.-ին արդեն գալիս է ավստրալացի ընկերուհու հետ՝ իր պապերի հայրենիքում տուն ու այգի գնելու հեռանկարով։
Նա 18 տարեկանում անձնագիր ստացավ և մեկընդմիշտ հեռացավ երազանքի հետևից: Առաջին կանգառը Բրազիլիան էր՝ առանց օգնության, լեզվի իմացության և անորոշության մեջ։ Սան Պաուլոյի մետրոյի կայարանում փորձում էր գտնել հետաքրքիր անուն ու գնալ այդ ուղղությամբ։
Այնուհետև 16 տարի շրջել է Հարավային Ամերիկայում, ինչպես և երազել էր՝ անցել մայաների քաղաքակրթության օրրանով, հասել Պանամա։
Արվինն իր նոր պլանները կազմել է Կարիբյան կղզիներում առագաստանավ տեսնելուց հետո։
«Առաջին անգամ էր, որ տեսա առգաստանավ: Ինձ ասացին, որ քամիով է առաջ գնում, կարող ես մեջը քնել ու ապրել, և դա ինձ համար շատ հիանալի մի բան էր»:
Առագաստանավի գումար աշխատելու համար մի էկզոտիկ տուրիստական ընկերությունում աշխատել է որպես կոկորդիլոսներ ցուցադրող։
Վերջապես, էժան գնով ջարդված առագաստանավ է ձեռք բերել, նորոգել և դուրս եկել բաց ծով։
«Բրազիլիայի հյուսիսային մասում եմ գնել նավը, ու առաջին 14 օրը ծովի վրա եմ անցկացրել: Շատ հետաքրքիր էր, որովհետև չգիտեի՝ ինչ պետք է անեի, միայն գիտեի, որ քամի եղավ, առագաստը բացես՝ կտանի, դրանից ավել ոչինչ չգիտեի»:
Հետո՝ կարիբյան ջրերում ճոճվող և համընթաց քամիներ որսացող առագաստանավը տարիներ շարունակ դարձել է Արվինի տունը՝ հայկական դրոշով։
2019 թ.-ին արդեն Հայաստան գալով՝ իրականացնում է երազանքը: Արվինն Անտառամեջ գյուղում տուն ու մի փոքր այգի է գնում, սակայն մեր երկրի խիստ ձմռանը պատրաստ չէր, վերադառնում է ձմեռելու Կարիբյան ջրերում ճոճվող իր տանը: