Բժիշկները վրանային կայանում աշխատում են 24-ժամյա ռեժիմով. մանրամասներ Կոռնիձորից

Արդեն երկու օր է, ինչ Լեռնային Ղարաբաղից Լաչինի միջանցքով իրականացվում է բռնի տեղահանված անձանց տեղափոխում Հայաստան: Նրանց դիմավորում և ընդունում են Կոռնիձորում տեղակայված վրանային կայանում, որտեղ նրանք ստանում են աջակցություն, գրանցում են, տեղի է ունենոոմ առաջնային կարիքների գնահատում:

Կոռնիձոր-Գորիս ճանապարհահատվածը երթևեկության առումով չափազանց ծանրաբեռնված է: Ոստիկանության մեքենաները պարբերաբար բռնի տեղահանվածներով ավտոշարասյուներն այնտեղից ուղեկցում են Գորիս:

ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի կառավարման աշխատանքային խմբի ներկայացուցիչ Վարդան Սարգսյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում նշել է, որ Կոռնիձորում հաշվառումից հետո այն քաղաքացիները, որոնք ունենում են կեցության հետ կապված խնդիրներ, նրանց ուղեկցում են Գորիսում գործող կոորդինացիոն կենտրոն, որտեղ պատկան մարմինները նրանց ապահովում են ժամանակավոր բնակության վայրով: Ըստ անհրաժեշտության՝ մարդկանց Կոռիձորում ցուցաբերվում է նաև հոգեբանական աջակցություն, բուժօգնություն:

«Կառավարությունը նախապես հայտարարել էր 40 հազար ընտանիք ընդունելու մասին: Անհրաժեշտության դեպքում կարողությունները պետք է մեծանան և բնականաբար բոլոր բռնի տեղահանվածների խնդիրները կհասցեագրվեն: Գորիսի կոորդինացիոն կենտրոնը զբաղվում է կեցություն տրամադրելու հարցերով, սակայն քաղաքացիներին օթևան տրամադրելու աշխարհագրությունը չի սահմանափակվելու միայն Սյունիքի մարզով: Իսկ ինչ վերաբերում է Կոռնիձորի հատվածում տեղակայված հումանիտար բեռով լի ավտոշարասյանը, ապա որոշում է կայացվել ավտոշարասյունը տեղափոխել Գորիս, որպեսզի հնարավոր լինի մարդասիրական ուղեբեռը տեղափոխել Լեռնային Ղարաբաղ ՌԴ խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչների և ԿԽՄԿ-ի աշխատակիցների միջոցով»,- նշել է Սարգսյանը:

Նա տեղեկացրեց, որ բժիշկները Կոռնիձոորի վրանային կայանում աշատում են 24-ժամյա ռեժիմով, հետո նրանց փոխարինում են գործընկերներն այլ բնակավայրերի բուժհաստատություններից: Հերթափոխը տեղի է ունենում առավոտյան ժամը 09:00-ին: