Հայի լավ տեսակը

Hraparak.am-ը գրում է․ Որքան զազրելի է այս իշխանության՝ արցախցիներին օգնելու թեմայի վրա դիվիդենտներ շահելու եռանդը, նույնքան սիրելի եւ հուզիչ է անհատ քաղաքացիների, կազմակերպությունների ձգտումը՝ օգնելու մեր հայրենակիցներին։ Այն, թե ինչպես են մարդիկ արձագանքում Արցախի ողբերգությանը, հույս է ներշնչում, որ մենք վատ հասարակություն չենք՝ ունակ ենք կարեկցելու, օգնելու, մեր մի կտոր հացը նեղյալի հետ կիսելու, եւ Արցախը մեր հոգիներում է, իսկ արցախցիների առաջ բոլորս ենք մեզ մեղավոր զգում։ Իհարկե, չհաշված իշխանությանը եւ իշխանության ջանքերով ձեւավորված այն անհայրենիք չմարդներին, որոնք ծրագրված հայհոյում եւ վիրավորում են մեր արցախցի եղբայրներին, ատելություն եւ թշնամանք տարածում նրանց հասցեին, որ արդարացնեն փաշինյանական քաղաքականությունն ու նրա փոխարեն այլ մեղավորներ նշանակեն։

Իսկ հանրությունն այս օրերին անում է ավելին, քան իրենից պահանջվում է։ Ահա՝ կամավորների մի մեծ խումբ է մեկնել Կոռնիձոր․ մարդկանց են տեղավորում, սփոփում, աջակցում։  Խմբագրություն եկած՝ փոքր բիզնես աշխատեցնող անձը խնդրում, աղաչում է՝ եթե որբ երեխաներ կան, պատրաստ եմ երկու երեխայի որդեգրել։ Այս ապահովված ընտանիքը, որտեղ 3 երեխա է մեծանում, ահռելի քանակությամբ հագուստ է ուղարկել արցախցիներին՝ նվազագույն հագուստ պահելով իր բալիկներին։ Տարեց ամուսինները տուն են տարել արցախցի մի ընտանիքի։ Լոռեցի հողագործ մարդն իր տուն է հրավիրում արցախցիների՝ առանձին հարկաբաժին, կոմունալ ծախսերը հոգալու խոստում տալով, իր այգու բերք ու բարիքից օգտվելու առաջարկով։ Հումանիտար օգնության կետ՝ անկողին եւ այլ պարագաներ տարած կինը պատմում է, որ Երեւանում ապրող երիտասարդներ էին ընդունում իր տարածը, որոնք հոգնությունից ոտքի վրա կանգնել չէին կարողանում։