Ո՞ւմ է պետք, որ Արցախում ինչ-որ թվով հայություն մնա եւ ինչի՞ համար

Hraparak.am-ը գրում է։ Հասարակություն

Արցախահայության բռնի տեղահանման գործընթացը կարծես թե սկսում է մոտենալ եզրագծին, ինչը նկատելի է հայկական պաշտոնական լրահոսով հրապարակված՝ Արցախից Հայաստան Հակարիի կամրջով տեղափոխվածների թվի մասին հրապարակումներից։ Զուգահեռաբար, Ադրբեջանը հայտարարել է, որ սկսվել է Արցախի հայերի գրանցման գործընթացը, եւ բավականին անհասկանալի կամ լղոզված տեսանյութ է հրապարակել։ Այս երկու փաստերն իրար կողքի դնելով, բնական հարց է առաջանում՝ արդյոք Արցախում հայության ինչ-որ թիվ կմնա՞, թեկուզ շատ փոքր, թե՞ ոչ։
Արտաքին խաղացողների համար, եթե անկեղծ լինենք, ներառյալ՝ նաեւ Ռուսաստանի համար, անհրաժեշտություն է, հանուն ցուցադրականության, որ հայության ինչ-որ հատված գոնե մնա Արցախում։ Ադրբեջանին էլ է դա պետք։ Ինքնին հասկանալի է, որ Արեւմուտքի համար, օրինակ, հայության թեկուզ փոքրաթիվ համայնքի պահպանումն ադրբեջանականացած Արցախում լծակ է՝ այդ երկրի վրա ներազդելու համար։ Ռուսաստանի համար էլ դա հիմք է այնտեղ խաղաղապահ կոնտինգենտը պահելու համար։ Ադրբեջանի համար էլ այն աշխարհին, ինչ-որ իմաստով, «պարզերես» ներկայանալու, Ալիեւի համար՝ Արեւմուտքի եւ բոլորի առաջ սեփական «դեմքը փրկելու» միջոց է։ Այդ՝ «դեմքը փրկելն» Ադրբեջանի համար ունի հստակ ձեւակերպում՝ «խաղաղ եւ քաղաքակիրթ ինտեգրացիա»։

Բացի այդ, այն նաեւ թույլ կտա Բաքվին՝ քաղաքական առեւտուր անել թե՛ Մոսկվայի եւ թե՛ Արեւմուտքի հետ, եթե նման անհրաժեշտություն առաջանա։ Սա էլ աչքաթող անել պետք չէ, հատկապես որ Ադրբեջանը նման առեւտրի հարցում վարպետացել է՝ իր «մեծ եղբոր» մեծ փորձառությունից դասեր քաղելով։ Սակայն սա հարցի միայն մի կողմն է կամ Ադրբեջանի համար ընդունելի տարբերակներից մեկը։

Չի կարելի բացառել, որ Բաքուն ցանկանա, որ Արցախից վերջին հայն էլ դուրս գա, որպեսզի կարողանա վերջնականապես փակել արցախյան հարցը։ Ընդ որում՝ այս նպատակին նա կարող է հասնել աստիճանաբար, այսպես ասած, Արցախում մնացած եւ ադրբեջանական պետությանն ու հասարակությանն «ինտեգրված» հայերին «հուշիկ քայլերով» (ոչ ամենեւին բռնի եղանակով) արտագաղթելու ճանապարհը ցույց տալով։ Եթե ընդունենք, որ Բաքուն այս սկզբունքով է առաջնորդվում, ապա կարող ենք ասել, որ նրա համար նպատակներից մեկն էլ այնտեղ գտնվող ռուսական խաղաղապահ զորակազմին «բարի ճանապարհ» ասելն է։ Թե որ տարբերակով է որոշել առաջնորդվել Բաքուն, դժվար է ասել։ Սակայն պարզ է, որ այն «մեծ խաղը», ինչպես մի շարք ռուս փորձագետներ են նշում, որ սկսվեց տարածաշրջանում՝ արցախյան վերջին գործողությունների մասով, թելադրում է, որ Ադրբեջանն իր թեւքի մեջ կունենա ինչ-որ խաղաքարտեր՝ հընթացս խաղարկելու համար։