Գիտեի՞ք, որ Մարտիրոս Սարյանը բուսակեր էր․ ահա թե ինչ էր սիրում ուտել ՀԱՅ նկարիչը

Մարտիրոս Սարյանը բուսակեր էր: Այդ սննդակարգը նա ընդունել էր ըստ իր ներքին մղման և ոչ թե որևէ գաղափարի հետևելով: Ինչպես հիշում է Վարպետի ավագ թոռնուհի Կատարինե Սարյանն իր «Էքսպոզիցիա» հուշերի գրքում, նկարիչը յուրահատուկ բացատրություն էր տալիս բանջարեղենի և մրգի օգտագործմանը. առաջինը՝ մարդուն առողջություն է տալիս, երկրորդը՝ ուրախություն: ՝

Խիստ Պահքից Սարյանի առօրյա սնունդը տարբերվում էր ընդամենը կաթնամթերքի օգտագործմամբ: Առավոտյան նա մի մեծ բաժակ Ղալմուխ թեյ էր խմում:

Այսպիսի նախաճաշից հետո, Սարյանը բարձրանում էր իր արվեստանոցը, ասելով. «Պետք է աշխատել»:

Ճաշի ժամը համընկնում էր որդիների աշխատանքից վերադառնալու, պատի ժամացույցի և սբ.Զորավոր եկեղեցու զանգերի հետ: Վարպետը իջնում էր իր արվեստանոցից, ընտանիքը հավաքվում էր սեղանի շուրջ: Սարյանին մատուցվում էին իր յուրահատուկ ուտելիքները: Ամառները սիրում էր խորոված բադրիջան ուտել, որի վրա աղի փոխարեն չորացրած ծովի կաղամբ էր ցանած: Տիկին Լուսիկը մի հնար էր գտնում, պայմանավորվում Մոսկվա-Երևան գնացքի ուղեկցորդի հետ, որ Սարյանի սեղանին լինի վրացական մարինացված ջոնջոլին:

Վրացական ուտելիքների հանդեպ Սարյանն անտարբեր չէր, և դա կապված էր իր սիրելի կնոջ՝ Ղազարոս Աղայանի դստեր՝ Լուսիկի հետ, որը մեծացել էր Թիֆլիսում: Մի պարզ ուտեստ նա կարողանում էր մատուցել որպես նրբախորտիկ: Այդպես կարմիր լոբու պաշտետի վրա նա դնում էր խրթխրթան սոխարած: Այս եղանակով արված լոբու բաղադրատոմսը փոխանցվել էր Արաքսի Սարյանին, և մինչ օրս էլ պատրաստվում է ամանօրյա սեղանի համար: