Հայ ժողովրդի ազատագրական պայքարի պատմության էջերում հայդուկային շարժումը կարևորագույն տեղ է զբաղեցնում։ Այդ շարժման ականավոր ներկայացուցիչներից էին Աղբյուր Սերոբը (Սերոբ Վարդանյան), Հրայրը, Անդրանիկը, Գևորգ Չաուշը և այլք։շ Աղբյուր Սերոբը, սակայն, միայնակ չէր կռվում թշնամու դեմ, այլ կնոջ՝ հերոսուհի Սոսեի հետ։՝
1899 թվականին, երբ Սերոբը հայ դավաճան Ավեի կողմից թունավորվել և մատնությամբ շրջապատվել է քուրդ ցեղապետ Բշարե Խալիլի զինվորների կողմից, կնոջ՝ Սոսեի աջակցությամբ 8 ժամ անընդմեջ կռվել է: Երբ թշնամու գնդակը վերջ է դրել Սերոբի կյանքին, Սոսեն վերցրել է նրա զնքը և շարունակել է կռվել մինչև վերջ նույնիսկ այն բանից հետո, երբ իր աչքի առաջ թշնամու գնդակից ընկել է անդրանիկ զավակը՝ 18-ամյա Հակոբը, նաև Սերոբի եղբայրները՝ Զաքարն ու Մխոն:
Սոսեն, արցունքները կուլ տալով, շարունակել է կռիվ տալ թշնամու հետ, մինչև ծանր վիրավորվել է: Երբ Ալի փաշայի զինվորները փորձել են վիրավոր Սոսեին կյանքից զրկել, թուրք հրամանատարը, զարմացած հայ կնոջ հերոսությունից, արգելել է՝ ասելով. «Այդ կինը իսկական դյուցազուն է»: Նա նույնիսկ կառավարության ծախսերով բուժել է տվել նրա վերքերն ու նետել Բաղեշի բանտը: Բանտից ազատվելուց հետո Սոսեն այցելել է ամուսնու գերեզմանին, չի հեռացել երկրից, մնացել ու ապրել է Վանում: Նա հաճախ է կրկնել հետևյալ խոսքերը. «Ինչպե՞ս այստեղ թողնեմ իմ Սերոբի որբ գերեզմանը… Այն ինչպե՞ս թողնեմ մեր թշնամու ձեռքում»: