Տատիկս անկողնային հիվանդ է, երեկ ինձ կանչել էր մոտը. նրա խոսքերից խելքի չեմ գալիս, աչքիս առաջից նրա դեմքը չի հեռանում. տեսեք, թե ինչ ասեց ինձ

Տատիկս արդեն բավականին ծեր է։ Նա արդեն ամիսներ շարունակ անկողնում գամված է, քանի որ չի կարողանում վեր կենալ ու ինքնուրույն քայլել։ Նրան խնամում են ծնողներս ու եղբայրս։ Ես էլ եմ հաճախ այցելում նրան, քանի որ շատ-շատ եմ սիրում իրեն, գիտեմ, որ նրա կյանքի վերջին օրերն են ու ինչքան հնարավոր է ուզում եմ շատ լինել նրա կողքին։

Բայց երեկ ինքն էր հորս ասել, որ ինձ կանչեն։ Զարմացա ու նաև մի փոքր անհանգստացա, երեխաներիս թողեցի սկեսուրիս մոտ ու արագ հասա տատիկիս։ Գնացի, նրան ջուր տվեցի, կերակրեցի, մի քիչ խոսեցի հետը։ Ասեց ուզում եմ հետդ առանձին խոսել։ Դուռը փակեցի, ձեռքս բռնեց ու ասաց.

— Սիրան, դու իմ մեծ թոռն ես, ես քեզ մի ուրիշ ձև եմ սիրել, գիտեմ, որ դու էլ ինձ ես սիրում։ Հասկանում եմ, որ ինձ քիչ է մնացել, էսօր-էգուց գնալու եմ, չեմ նեղվում կյանքի օրենքն ա։ Բայց քեզ խնդրանք ունեմ։ Գիտեմ, որ հայրդ ու մայրդ ինձնից հետո գնալու են երկրից, քեզ խնդրում եմ, որ իմ ու պապուդ գերեզմանը մաքուր պահես, չթողես, որ մոլախոտը հելնի փակի ու անտեր գերեզման դառնա։

Գիտեմ, որ տունդ մեծ ա, հոգսդ շատ, բայց մեկ-մեկ ինձ ու պապուդ հյուր կգաս, էդ խոտերը կմաքրես, կնստես քարիս կողքը մի քիչ հետս կխոսաս, քեզնից ու թոռներիցս կպատմես։ Դա իմ միակ խնդրանք ա։ Ես քեզ միշտ սպասելու եմ։

Երեկվանից խոլքի չեմ գալիս, տատուս դեմքը աչքիս առաջից չի գնում, խոսքերն էլ զրնգում են ականջիս, աչքերս արցունքներից չեն չորանում։ Ես իրան խոստացել եմ, որ ինքն ու պապիկը երբեք չեն նեղվելու ու իրենց գերեզմանում միայն ծաղիկներ են ծաղկելու։