hraparak.am-ը գրում է. «Ինչ-որ մեկը մի քանի օր առաջ ինձ «քցել» է Պարույր Սևակի պատկերով 1000 դրամով: Դա բացահայտվեց այսօր, երբ փորձեցի մեր շենքի հարևանությամբ փոքրիկ խանութից գնում կատարել: Ինձ համար դա կատարյալ շոկ էր, քանի որ կեղծ դրամ մեկ էլ ստացել էի 30-35 տարի առաջ: Ընդ որում, երկու դեպքում էլ դրամի արժեքը 1000-ն էր: Երևույթը կողքից դիտարկելով՝ կարող եմ ասել, որ դա «նորմալ» է: Քանի որ 1000 դրամանոցը Հայաստանի նման աղքատ երկրում ամենաշրջանառվող թղթադրամն է: Սակայն պարզվեց, որ նույն այդ խանութում առևտուր են արել կեղծ 20,000-անոց թղթադրամով: Ինչն արդեն նորմալ համարել չեմ կարող: Հատկապես, որ նման արժեքի կեղծ թղթադրամների շրջանառության առումով իշխանությունն ավելի ուշադիր է լինում: Եվ բացահայտման դեպքում բաց չի թողնում ինքնափիառվելու հնարավորությունը: Ընդ որում, նույն երևույթն առկա էր նաև երբեմնի «դուխով» Նիկոլի կողմից մերժված նախկինների օրոք: Այս հարցում ոչինչ չի փոխվել:
Չէ, ինչ-որ բան, այնուամենայնիվ, փոխվել է. յուրաքանչյուր նման դեպքից հետո Կենտրոնական բանկը նախկինում մամուլի ասուլիս էր կազմակերպում: Եվ հասարակությանը ներկայացնում էր կեղծ թղթադրամներից պաշտպանվելու հիմնական կանոնները: Դա որպես նախկին լրագրող եմ ասում, որը 20-25 տարի առաջ մասնակցել է մի քանի այդպիսի ասուլիսների: Այս անգամ, բնականաբար, նման բան տեղի չի ունեցել: Որովհետև որպես ողջ օրը լրատվական կայքերը դիտարկելով՝ մեկում կամ մյուսում կարող էի հանդիպել դրա վերաբերյալ հաղորդման: Ենթադրում եմ, որ դրա պատճառը «մեծարգո վարչապես պարոն Փաշինյանի» կառավարումն է, որի օրոք նույնիսկ կեղծ թղթադրամ պատրաստելն է անհնար: Իսկապես, հայաստանյան «ժողովրդավարության բաստիոնում» ինչպե՞ս կարող են շրջանառվել կեղծ թղթադրամներ: Իսկ եթե ավելի լուրջ, ապա կարող ենք այդ երևույթը գնահատել որպես անգործության ամենաթեթև դրսևորումներից մեկը: Կարևորը թշնամու կողմից պարտադրված խաղաղությունը փիառելն է՝ այն անվանելով «խաղաղության խաչմերուկ»:
Բայց քանի որ չնայած Արցախի կորստին ու բազմահազար զոհերին, ինչպես նաև տասնյակ (թե՞ մեկ-երկու հարյուր) գերեվարածներին՝ մենք, այնուամենայնիվ, շարունակում ենք ապրել, ապա մեկ-երկու խոսքով ներկայացնեմ կեղծ թղթադրամը ճանաչելու մի քանի հատկանիշ: Ի դեպ, դա այն է, ինչ պետք է աներ Կենտրոնական բանկը, բայց քանի որ բանկի աշխատակիցները երևի զբաղված են շատ ավելի լուրջ գործերով՝ դա կանեմ ես: Առաջին, դրամապանակում կամ գրպանում միշտ ունենալ Պարույր Սևակի նկարով նոր և չճմրթված հազարանոց: Որովհետև ամենահեշտ տարբերակն այդ երկուսն իրար վրա դնելն է և չափերով համեմատելը. կեղծ հազարանոցը նորմալից երկար է շուրջ 1 սմ-ով: Այդ առումով ինքը համարյա հավասար է Եղիշե Չարենցի պատկերով թղթային 1000 դրամանոցին: Երկրորդ, ի տարբերություն Սևակի նկարով իրական թղթադրամի, որը տպված է, այսպես կոչված կոմպոզիտային նյութի վրա, կեղծը տպված է սովորական թղթի վրա: Եվ բնականաբար, դիմերեսի ձախ ներքևի անկյունի գրչով շրջանակն ու կենտրոնից մի քիչ աջ ուղղահայաց 4 ուղանկյունները չեն փայլում: Սևակի ճակատի մազերից մի փոքր վերև երևացող կանաչավոն պատկերը կեղծի վրա համարյա չի երևում: Այնպիսի տպավորություն է, որ կոմպոզիտային թղթադրամը լվացել են: Կարծում եմ, որ մնացած հատկանիշները կարող է ներկայացնել Կենտրոնական բանկը, եթե, իհարկե, երբեմնի «հպարտ» քաղաքացին դեռևս որևէ արժեք է ներկայացնում Փաշինյան Նիկոլի իշխանության համար:
Վ. Գ. Հոդվածին առընթեր նկարներից մեկում ներկայացված են իրականն ու կեղծը, սակայն չեմ նշում, թե որն է կեղծը: Որպեսզի ընթերցողը փորձի տարբերակել դրանք՝ օգտվելով հոդվածից: Մյուս նկարի վրա իմ կողմից պատռված կեղծ 1000-անոցն է:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/455a6379eb1d9efebf29b9c35f6d09ba
© 2008 – 2021 «Հրապարակ օրաթերթ»