Սևակի մեծ սերը` ազգությամբ հրեա Սուլամիթա Ռուդնիկը, նույն ինքը` 72-ամյա Շուլամիթ Շալիթը, այսօր կենդանի լեգենդ է, ով 1980 թվականին Վիլնյուսից տեղափոխվել և ապրում է Իսրայելում: Մասնագիտությամբ բանասեր է, հայտնի գրականագետ: 1991 թվականից մեծ ժողովրդականություն վայելող «Գրական էջեր» ռադիոժամի հեղինակն ու վարողն է, որը հեռարձակվում է «Ռեկա» ռադիոկայանով, ռուսական արվեստի թանգարանի տնօրենն է:
Չարխչյանն ասում է, որ Սուլամիթայի հայ հարևանուհին կարդացել ու թարգմանել է նրա համար նամականի գիրքը: Գրքում տեղ գտած որոշ մեկնաբանություններին Սուլամիթան չի համաձայնել, ինչի մասին էլ գրել է Չարխչյանին: «Չէի ասի, որ գոհ էր գրքի տպագրումից, բայց նա դա ընդունեց որպես կատարված փաստ» «Սուլամիթայի անձի նկատմամբ հետաքրքրությունս մեծացավ, սկսեցի հավաքել այն ամենը, ինչ հնարավոր էր: Գտնվեցին մարդիկ, որոնք տեսել էին Սուլամիթային ու պատմում էին: Գտնվեցին նաև Սևակի և Սուլամիթայի Մոսկվայում արված լուսանկարները: Ճշտեցինք, որ նա այլևս Ռուսաստանում չի ապրում: Տեղափոխվել էր Իսրայել, փոխել անուն-ազգանունը և դարձել Շուլամիթ Շալիթ»,- պատմում է Չարխչյանը:
1980 թվականին` Իսրայել մեկնելուց առաջ, Սուլամիթան պատճենահանում է իր բոլոր նամակները և դրանք հանձնում Հայաստանին: Այսօր դրանց մի մասը գտնվում է Մատենադարանում, Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում, մի մասն էլ` մի քանի անհատների մոտ: Բնօրինակները Սուլամիթայի մոտ են:
«Բանակցում եմ նրա հետ, որ բնօրինակները Հայաստանին հանձնի: Դրանք մեզ համար մշակութային մեծ արժեք են: Աստված մի արասցե, եթե նա հանկարծ վաղը չլինի, ո՞ւմ է մնալու այդ ամենը: Որ ասեմ մերժել է` ոչ, բայց հույս ունեմ` այնքան խելամիտ կգտնվի, որ մի օր այդ ամենը կհանձնի: Նրա մոտ են նաև Սևակի անձնական իրերից` ծոցատետրեր, օրագրեր, մի մազափունջ, թղթի մեջ փաթաթած ծխամորճի մոխիր: Լուսանկարով ուղարկել էր Սևակի գրողների միության անդամատոմսը: Տարիներ անց էլ Սուլամիթան խոսում է Սևակի մասին նույն սիրով, կրքով ու ջերմությամբ, կարծես ժամանակը չի անցել»,- ասում է նա:
Գրականագետն ասում է, որ մի քանի անգամ փորձել են Սուլամիթային Հայաստան հրավիրել, բայց միշտ հրաժարվել է: Գինու արտադրությամբ զբաղվող գործարարները պատրաստ էին «Սուլամիթա» անունով գինի արտադրել, աստղաբաշխական հոնորար էին առաջարկում նրան շնորհանդեսին մասնակցելու համար, սակայն Սուլամիթան մերժել է:
ՍՈՒԼԱՄԻԹԱՅԻՆ ՈՒՂՂՎԱԾ ՍԵՎԱԿԻ ՆԱՄԱԿՆԵՐԸ
« 19.1.1959Թ.
Երևան
…Իմ մխիթարանք:
Բոլոր բառերն անհետացել են, առավել ևս ինձ
օտար լեզվում:Մի բան է միայն պարզ. ես սիրում
եմ քեզ, ընդ որում, այդ ծեծված բառերն ինձ համար ունեն ավելի մեծ կշիռ ու նշանակություն, քան քեզ համար, այն պարզ պատճառով, որ ես, քո խոսքերով ասած, գիտեմ, թե ինչի հետ համեմատեմ այն…
Ես էլ քեզ նման, անընդհատ ու ամենուր քեզ հետ եմ, իմ Ուրախություն: Եթե դու կասկածում ես դրան, կնշանակի իրականում քո կանացի էությունը( այս դեպքում ՝ կանխազգացողությունը, հոտառությունը) թույլ է, ինչում չէի ցանկանա համոզվել:
Ներիր այս թոթովախոսության համար:Ինձ համար
հիմա կրկնակի ծանր է:Մխիթարիր ու օգնիր հեռվից:
Ես նրանցից եմ , ովքեր պարտքի տակ չեն մնում:
Սիրում եմ քեզ,և այս բառերն ամենաճիշտը, միակն
են ռուսերեն բառարանում:
Գրկիր ինձ՝ անհզնգստացածին, հոգնածին, կիսա
հիվանդին, որն այնուհանդերձ քոնն է և զգում է քո բույրը:
Պ.»:
***
“Աղաչում եմ,մի եղիր այդպես հարազատ: Եղիր ընդամենը կին,ու ես կկարողանամ մոռանալ քեզ:Եղիր մարդ ,ու ես այդքան չեմ կարոտի քեզ…
Անձրևը դադարեց:
Իսկ դու ինչու՞ ես շարունակվում:
Չեմ ու-զու-մ:Հասկանում՞ ես :
Լսում՞ ես:Չեմ ու-զու-մ:
Էլ չեմ կարող…
Միշտ քո Ծուռ:
Հ.Գ
Լաց լինել եմ ուզում: Կհարբեմ… ”
Պ.Սևակ
***
Ես համատարած վերք եմ: Եվ սրանք բառեր չեն, այլ փաստ: Ես ամբողջությամբ ճիչ եմ. “Սուլաաաա”: Ես անդիմադրելի լաց եմ:
Իմ հոգում թախիծ է:
Դե օգնիր ինձ, ախր ես քո հարազատն եմ:
Ես չգիտեմ, թե ինչ կլինի ինձ հետ, եթե այսպես շարունակվի:
Ինձ համար այնպես ծանր է, որ ուզում, ամբողջ սրտով միայն մի բան եմ ուզում. մեռնել: Անկեղծ ասեմ, և ծանրակշիռ. ուզում եմ մեռնել…
Դու ինքդ էլ չգիտես, թե որքան թանկ ես ինձ համար, թե որքան եմ սիրում ես քեզ:
Ինչու՞ եկար: Պետք չէր…
Հանգստացրու ինձ: Չէ՞ որ ես քո հարազատն եմ:
Այդպես չի կարելի.- նստել ծառուղում և օրը ցերեկով լաց լինել:
Ինչու՞ դու կողքս չես, որպեսզի ինձ նայես թախծոտ-թախծոտ:
…Հենց նոր ստացա հեռագիրդ: Անհանգիստ եմ քեզ համար: Թող նա չտանջի քեզ, թող չհամարձակվի, թե չէ ես նրան կսպանեմ: Թող նա շատ սիրի քեզ, շ-ա-տ, թե չէ… Ինքս էլ չգիտեմ:
Շտապ ինձ գրիր, թե ինչպես ես և ինչ կա: Շատ անհանգիստ եմ:
Էլ գրել չեմ կարողանում:
Շտապ գրիր, թե որտեղ ես: Ամսի 7-ին ինչպե՞ս շնորհավորեմ քեզ, որտե՞ղ:
Մոսկվայո՞ւմ: Սոչիո՞ւմ: Եվ որտե՞ղ ուղարկեմ այս թուղթը: Սոչի՞:
Եթե դու այն ստանաս ամսի 7-ին, ընդունիր իբրև շնորհավորանք, իսկ իսկականը հավանաբար կստանաս ավելի ուշ:
Սուլաաա:
Ես սիրում եմ քեզ, սիրում եմ խելագարի պես, գազանի նման, ինչպես հիվանդ:
Գրկում եմ քեզ, հպվում եմ քեզ, միանում եմ քեզ հետ:
Եվ լալիս եմ: Եվ լալիս եմ: Աստված մի արասցե, որ քեզ համար էլ այսքան անմարդկային տխուր լինի:
Սիրելիս:
Սիրելիս:
Սիրելիս:
Շատ վատ եմ աշխատում: Այսինքն` չեմ աշխատում:
Վաղվանից սկսելու եմ:
Դու ինձ շատ ես պետք: Մի կորչիր:
Ես միշտ քոնն եմ լինելու:
Ոչ մի էժան բան մի արա.- սա խանդ չէ, այլ եղբայրական հարաբերություն:
Քեզ օգնել, հարազատս, ցավոք չեմ կարող.-ինչ-որ կերպ ապրիր, մինչև որ փող կհայտնվի:
Չի կարող պատահել, որ մինչև գարուն չհանդիպենք.- կխելագարվեմ կամ ինքնասպան կլինեմ:
… Խաբում եմ (բանաստեղծորեն), թե գիտեմ քո անվան գույնը:
Բայց թե ինչ բույր ունես դու, դա արդեն հաստատ գիտեմ, էլ չեմ ասում համի մասին:
Իմ բուրմունք, ախր ես չեմ կարող առանց այդ բույրի:
Թույլ տուր ինձ` Սողոմոնիս, ընկնել քո որովայնին ու հոտոտել այդ բույրը…
Հանկարծ հասկացա, որ ֆի-զի-կա-պես, թե ինչպես եմ քեզ ցանկանում, իմ է-գ-ի-ն…
Համբուրում եմ որովայնդ, և չգիտեմ, թե ինչպես եմ քնելու: Քեզ եմ ուզում, ուզում, ու-զ-ու-մ: Ուզում եմ հայհոյել!!!”