Մարդու պապիլոմավիրուսի դեմ պատվաստումը կկանխի քաղցկեղի որոշակի տեսակների զարգացումը։ Այս մասին, ինչպես գրում է NEWS.ru-ն, ասել է ուռուցքաբան Իլյա Տիմոֆեևը։
Մասնագետի խոսքով՝ այս պատվաստումը չի դասվում պարտադիրների շարքին, սակայն ինքնուրույն դիմելու դեպքում այն կարելի է ստանալ։ Ընդ որում՝ մարդու պապիլոմավիրուսի դեմ բժիշկը խորհուրդ է տվել պատվաստել ինչպես աղջիկներին, այնպես էլ տղաներին։
Ինչպես նշել է Տիմոֆեևը, այս պատվաստումը զգալի կնվազեցնի արգանդի վզիկի քաղցկեղի և գլխի ու պարանոցի չարորակ նորագոյացությունների զարգացման հավանականությունը։ Բացի այդ, ուռուցքաբանը վստահ է, որ պատվաստումը հարկավոր է ոչ միայն երեխաներին, այլև մեծահասակներին, սակայն հարկավոր է հաշվի առնել, որ մեծահասակների դեպքում դրա արդյունավետությունը նվազում է։