«Աստծուն շնորհակալ եմ, որ այս օրը կայացավ». Երևանում կայացել է Արկադի Դումիկյանի առաջին բազմահազարանոց համերգը

«Աստծուն շնորհակալ եմ, որ այս օրը կայացավ»,- հոկտեմբերի 30-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացած մեծ մենահամերգի ժամանակ ասաց Արկադի Դումիկյանը՝ նշելով, որ բոլոր ներկաները, տոմսեր գնելով և մասնակցելով իր մենահամերգին, բարեգործական ակցիայի մասնակից են դարձել։

Tert.am Life-ը ներկայացնում է համերգի մանրամասները: Հուզված երգիչը բեմից անակնկալ արեց՝ ասելով, որ տոմսերից գոյացած ամբողջ գումարը ուղղելու է հիվանդ երեխաներին։ Ըստ երգչի՝ այս քայլն անակնկալ է նույնիսկ իր համերգի կազմակերպիչների համար, քանի որ մինչ այդ ինքը նման հայտարարությամբ հանդես չէր եկել։Նշենք, որ այս մասշտաբային մենահամերգն առաջինն էր, որ երգիչն ունենում է իր հայրենիքում, մինչ այդ նա մեծ մենահամերգով էր հանդես եկել Մոսկվայում։

Հաշված օրերի ընթացքում տոմսերը սպառած հայ հանդիսատեսը մի փոքր ավել սպասեց այս հանդիպմանը, քանի որ այն նախ պետք է տեղի ունենար սեպտեմբերի 18-ին, սակայն հայ-արդբեջանական լարվածության հետևանքով՝ Արկադի Դումիկյանը համերգը հետաձգելու որոշում էր կայացրել։Ինչպես և սպասելի էր, տոնական օրն Արկադին կիսում էր նաև իր ընտանիքի անդամների հետ։ Հանդիսատեսի շարքում էին նրա մայրը և կինը։ Նա երկուսին էլ շնորհակալություն հայտնեց։ Մոր վերաբերյալ Արկադին ասաց հետևյալը․«Ինչքան էլ ջանքեր եմ գործադրում, միևնույն է, նա ինձ համար շատ բան է արել։ Շնորհակալ եմ, որ միշտ կողքիս ես։ Մենք շատ ենք գնահատում ամեն ինչ»։

Այս խոսքերից հետո Արկադիի մայրիկին ծաղիկներ նվիրեցին։Նշենք, որ հարցազրույցներից խուսափող երգիչը չի թաքցնում, որ բարդ մանկություն է ունեցել։ Իր հազվադեպ տրվող հարցազրույցներից մեկում նա խոստովանել էր, որ այս կյանքում իր բոլոր հաջողությունների համար միայն մորն է պարտական: Նա չէր ցանկացել մանրամասներ ներկայացնել իր ծանր մանկությունից, միայն ասել էր, որ «Մամա» տեսահոլովակն ինքնակենսագրական է:

Դիտելով տվյալ տեսահոլովակը՝ կարող ենք ենթադրել, որ մանկուց Արկադին օգնել է մայրիկին, առաքել է նրա պատրաստած խմորեղենները, բենզալցակայանում է աշխատել, ի տարբերություն մյուս երեխաների՝ չի կարողացել բակում ժամանակ անցկացնել և երազել է թանկարժեք երաժշտական գործիքի մասին, որն էլ մայրը, ծանր աշխատանքներ կատարելով, կարողացել է գնել որդու համար: Թերևս, հենց այդ քայլն է բեկումնային է եղել արտիստի կյանքում և հիմք է դրել նրա հաջողություններին։

Ի դեպ, երգիչը բազմահազարանոց հանդիսատեսին ցուցադրեց երաժշտական գործիքներին տիրապետելու իր տաղանդը՝ դուդուկ և դաշնամուր նվագելով։ Կնոջ վերաբերյալ էլ երգիչն ասաց, որ շատ է սիրում նրան, իսկ սիրո բոլոր երգերի հասցեատերը հենց նա։Ինչպես և սպասելի էր, Արկադի Դումիկյանի համերգը չէր կարող անցնել առանց իր հայտնի զուգերգերի։ Համերգի հատուկ հյուրերն էին Ka-Re-ն, Արիկ Դումիկյանը, Արսեն Շահունցը, Հռիփսիմե Հակոբյանը, Armstrong-ը, DJ Լևոնը։ Ի դեպ, եղբոր՝ Արիկի հետ, Արկադին կատարեց իրենց հայտնի մեգահիթը՝ «Мой брат»-ը, ընդ որում՝ երկու անգամ։ Հենց այդ սիրված երգով էլ երգիչը եզրափակեց համերգը։

Երգիչը նաև բեմից ասաց, որ միայն Տիգրան Ասատրյանը չկարողացավ ներկա գտնվել այս համերգին, սակայն մյուսին նրա ներկայությունը պարտադիր է լինելու։ Արկադին խնդրեց, որ հանդիսատեսն այնպես ծափահարի, որ դա լսելի լինի նաև ԱՄՆ-ում։Թերևս, համերգի ամենահուզիչ դրվագը «44 дня» երգի կատարումն էր, որի ժամանակ երգիչը խնդրել էր, որ բոլորը ոտքի կանգնեն։ Բազմահազարանոց դահլիճը 44-օրյա պատերազմին նվիրված երգը լսեց հոտընկայս և հեռախոսի լույսերը միացրած։Հավելենք, որ Արկադի Դումիկյանի խոսքով՝ մյուս համերգի համերգի համար երկար սպասեցնել չի տա։