Մարիամ Փաշինյանը հերքել է հրապարակումները, թե իբր մասնակցել է Սամվել Ալեքսանյանի որդու հարսանեկան արարողությանը

Որոշ ժամանակ առաջ մամուլում հրապարակումներ եղան, ըստ որոնց՝ գործարար Սամվել Ալեքսանյանի որդու հարսանիքը տեղի է ունեցել Միացյալ Արաբական Էմիրությունների ամենախոշոր քաղաքներից մեկում՝ Դուբայում: Շրջանառվող նույն չհստակեցված լուրերի համաձայն՝ հրապարակման մեջ նշվում էր, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքի անդամներից ևս մասնակցել են արարողությանը՝ մեկնելով Դուբայ:

Մասնավորապես խոսքը վարչապետի ավագ դստեր՝ Մարիամ Փաշինյանի մասին էր: Ըստ նույն այդ անհստակ լուրերի՝ Մարիամ Փաշինյանը ուրախացել և պարել էր հարսանիքի ժամանակ:Այսօր, սակայն, լրատվամիջոցը՝ hraparak.am-ը, որը երևան էր բերել չճշտված լուրը, հերքել է հրապարակումը՝ տեղեկացնելով, թե «ԶԼՄ-ի լրագրողը չի մասնակցել հարսանիքին և իր աչքով չի տեսել Մարիամ Փաշինյանին այնտեղ»:

Կեղծ տեղեկատվության հերքման համար հիմք է հանդիսացել Մարիամ Փաշինյանի նամակը խմբագրությանը, որով վերջինս հայտնել է, որ չի մասնակցել Սամվել Ալեքսանյանի որդու հարսանեկան արարողությանը և տարածված տեղեկությունները ստահոդ են՝ պահանջելով հերքում:Լրատվամիջոցը չճշտված տեղեկատվության հրապարակումը արդարացրել է կեղծ տեղեկատվությունը փոխանցած աղբյուրի վերաբերյալ հետևություններ անելով՝ մինչև անգամ չբացառելով, որ լրատվամիջոցին ապակողմնորոշելու միտում է եղել:

Որպես հավելյալ արդարացում՝ լրատվամիջոցն ընդգծել է, թե այնուամենայնիվ, իրենց չի թվում, թե ամոթալի բան է որևէ մեկի հարսանիքին մասնակցելը, եթե անգամ այդ հարսանիքը Դուբայում է տեղի ունենում, ուստի վստահեցնում են «այդ լուրի մեջ որևէ մեկին վարկաբեկելու միտում չեն ունեցել»: