Ո՜վ Աստծո փառավորյալ Մայր, ողորմիր ինձ` քո աղախնուդ եւ օգնության հասիր ինձ իմ բոլոր տկարությունների ու վտանգների պահին, որոնց մեջ մանուկ են ծնում Եվայի բոլոր դուստրերը։ Ո՜վ Օրհնյալդ կանանց մեջ, հիշիր, թե ինչպիսի ուրախությամբ ու սիրով էիր այցելության շտապում քո ազգական Եղիսաբեթին` իր հղիության ժամանակ, եւ ինչ սքանչելի եղավ քո այցը մոր եւ մանկան համար։ Քո անսպառ բարեսիրությամբ նաեւ ինձ` նվաստ աղախնուս էլ
պարգեւիր բարեհաջող որդեծնության շնորհը, որպեսզի այժմ սրտիս տակ հանգիստ գտած բալիկս, զգայություն առնելով, մանուկ Հովհաննեսի նման ուրախությամբ ու խայտալով ցնծա Փրկիչ Աստծով, Որը մեղավորներիս հանդեպ անսահման սիրուց մղված չխորշեց մեզ պես մարդանալուց եւ Մանուկ լինելուց։ Այն անանց ուրախությունը, որով լցվեց կուսական սիրտդ` նորածին Քո Մանկանն ու Տիրոջը հայելիս, թող սփոփի նաեւ ինձ եւ թեթեւացնի ծննդաբերությանս ծանրությունը։ Իմ Փրկիչն ու Կյանքն աշխարհի, որ մարմին առավ եւ ծնվեց քեզանից, թող պահպանի ինձ հոգու եւ մարմնի բոլոր վտանգներից, իսկ դեռ լույս
աշխարհ չեկած մանկանս դասի Աստծո ընտրյալների մեջ։ Լսիր խոնարհ աղաչանքներս ո՜վ Երկնային Ամենասուրբ Թագուհի եւ շնորհընկալ հայացքդ ուղղիր ինձ ու հովանի եղիր, թող ամոթով չմնա քո մեծ բարեգթությանն ապավինած հույսս։ Տիրոջ անունը բոլոր կրողների օգնական, ապաքինող բոլոր հիվանդություններից ու տկարություններից, թող ես էլ համոզվեմ, որ Դու ես Մայր գթության եւ միշտ փառավորեմ քեզանից Ծնված Աստծո Որդուն եւ Աստծո Մայրությունդ, որ չի մերժում իրեն աղաչողներին եւ ազատում է վշտերի ու հիվանդությունների մեջ իրեն կանչողներին. Ամեն։