Այսպիսի խմորից պատրաստված կարկանդակները ստացվում են փքուն, փափուկ և անչափ համեղ։ Այնպես որ փորձեք, հատկապես, որ խմորի բարձրանալուն սպասելու կարիք չկա։
Անհրաժեշտ բաղադրիչներ՝ խմորի համար․
0,5 ճ․գ․ աղ
50գ թարմ խմորիչ
250մլ գոլ ջուր
1ճ․գ․շաքարավազ
250մլ եռման ջուր
550գ +200գ ալյուր
35գ բուսայուղ
միջուկը կարող է լինել ցանկացած․
եփած աղացած միս՝ մանրացրած սոխի հետ տապակած
կարտոֆիլի պյուրե՝ տապակած սոխով ու կանաչիով
եփած մանրացրած ձու՝ կանաչ սոխի հետ տապակած
Պատրաստման եղանակ․
Գոլ ջուրը լցնել խորը տարայի մեջ, ավելացնել շաքարավազը, աղը, բուսայուղը և խմորիչը։ Լավ խառնել։
550գ ալյուրը մաղել ու լցնել հեղուկի մեջ, խառնել։ Ավելացնել եռման ջուրը և ևս մի անգամ արագ խառնել։
Սկզբում խառնել փայտե գդալով, այնուհետև լցնել մնացած ալյուրը և սկսել ձեռքերով խմոր հունցել։
Մի կտոր խմոր վերցնել՝ մոտ 65գ քաշով։ Դնել այն ալյուրոտ տախտակի վրա և գրտնակել՝ միջին չափի շրջան ստանալով։ Մեջտեղի հատվածում միջուկ դնել ու ամրացնելով եզրերը՝ կարկանդակի ձև տալ։
Տապակի մեջ բուսայուղ լցնել, տաքացնել ու տապակել կարկանդակները՝ կարով դեպի ներքև դնելով։ Կրակը պիտի լինի միջին, իսկ կարկանդակները յուրաքանչյուր կողմից տապակել մի քանի րոպե։