Ստորև Ձեզ ենք ներկայացնում հայ աստղագետ և աստղաֆիզիկոս Վիկտոր Համբարձումյանի կտակը, որում պարզ գրված է, թե ինչ երազանք ուներ տաղանդավոր հայը: Ինձ հաջորդող սերունդներին, թոռներիս, ծոռներիս և այլն, կտակում եմ տիրապետել հայոց լեզվին: Ամեն մեկը պետք է իր պարտքը համարի ուսումնասիրել հայոց լեզուն, գրագետ լինի հայերեն, անկախ նրանից ինչպիսի տոկոս է կազմում նրա մեջ հայկական արյունը:
Այդ տոկոսը ոչինչ չի նշանակում: Մենք փոխանցում ենք սերունդներին ոչ թե արյուն, այլ գաղափարներ և գաղափարների մեջ ինձ համար ամենաթանկը հայոց լեզուն է: Այդ կապակցությամբ յուրաքանչյուր սերունդ պարտավոր է սովորեցնել հաջորդին հայոց լեզվին: Գիտեցեք, որ իմ կյանքի ամենամեծ երջանկությունը եղել է և կմնա, քանի ապրում եմ, հայոց լեզվին տիրապետելը: Ցանկանում եմ երջանկություն բոլորիդ: Դա նշանակում է, որ պետք է լավ տիրապետել հայոց լեզվին: