Հյութալի ու կարմրաթուշ դեղձը ոչ միայն համեղ է, այլ նաև շատ օգտակար: Այն պարունակում է 6-15% շաքարներ, օրգանական թթուներ (խնձորաթթու, գինեթթու, կիտրոնաթթու, խինինաթթու), հանքային նյութեր, կալիում, կալցիում, ֆոսֆոր, երկաթ, ծծումբ, քլոր, ցինկ, ֆտոր, նիկել, քրոմ, կարոտին (ենթավիտամին A, C, B1, B2, P, PP, E), սպիտակուցներ և այլն։ Դեղձը հրաշալի դիետիկ սնունդ է, պարունակում է քիչ կալորիաներ (100 գրամը պարունակում է 40 կկալ), ինչի շնորհիվ էլ համարվում է նիհարելու լավագույն միջոցներից մեկը:
Այն հարուստ է նաև կարոտինով, որն էլ խոչընդոտում է քաղցկեղի և սրտի հիվանդությունների առաջացմանը: Դեղձի պարունակության մեջ առկա ֆոսֆորն և մագնիումը բարելավում են հիշողությունը և բարձրացնում աշխատունակությունը:
Ժողովրդական բժշկության մեջ դեղձի թարմ հյութը կամ դեղձի տերևներով ու եռացրած ջրով պատրաստված թուրմը համարվում է միզամուղ և թուլացնող միջոց: Սա նաև խորհուրդ է տրվում գլխացավերի, ռևմատիզմի, շնչառական օրգանների, լյարդի, երիկամների, մարսողության հետ կապված խնդիրների դեպքում: Լյարդի, սրտային, երիկամային հիվանդությունների դեպքում սնունդ ընդունելուց հետո օրը 2 անգամ թարմ դեղձից պատրաստված խյուս (պյուրե) կերեք կամ 2-3 կտոր դեղձաչիր` նախապես փափկեցնելով տաք ջրի մեջ:
Դեղձը նաև հրաշալի կոսմետիկ միջոց է: Մաշկի մաքրման, սնուցման, խոնավեցման համար երկու ձվի ոչ հարած սպիտակուցը խառնեք 30գ. մեղրի և 1 թեյի գդալ դեղձի յուղի հետ, լավ հարեք, ավելացրեք 2 ճաշի գդալ վարսակի ալյուր: Դիմակը քսեք և պահեք 15-20 րոպե, որից հետո լվացեք նախ տաք, այնուհետև` սառը ջրով:Դիմակը սնուցում է մաշկը, փոքրացնում է դեմքի ծակոտիներն ու թարմ տեսք է հաղորդում:
Մազաթափության դեպքում 2 դեղձի պտղամիսը (կեղևից, կորիզից մաքրած) պատառաքաղով տրորելով լավ փափկեցնել։ Ավելացնել 2-3 ճաշի գդալ կաթ, 5-7 կաթիլ խնկածաղկի յուղ։ Հավասարաչափ քսել մազերին, 20-30 րոպե հետո մազերը լվանալ շամպունով: