Առնվազն 5 երեխա է զ ոհվել Ադրբեջանի հարձակման հետևանքով. Բեգլարյան

Արցախում Ադրբեջանի լայնամասշտաբ հարձակման հետևանքով առնվազն 5 երեխա է զոհվել։ X–ի իր միկրոբլոգում տեղեկությունը հրապարակել է Արցախի նախկին պետնախարար, նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանը։ Նրա տեղեկություններով` ևս 13 երեխա վիրավոր է։

Բեգլարյանը տեսանյութ է հրապարակել, որում զրուցում է ադրբեջանական հարձակումից տուժած 7-ամյա Ռուզան Հայրապետյանի հետ։

Փոքրիկ աղջնակը վնասվածքներ է ստացել ոտքերի շրջանում, սակայն, բարեբախտաբար, դրանք լուրջ չեն։ Ռուզանից բացի վիրավորվել են նաև նրա քույրն ու եղբայրը։

Բեգլարյանը հայտնում է, որ երեխաները վիրավորվել են Սառնաղբյուր գյուղում։

Նրա տեղեկություններով` զոհված երկու երեխաների ծնողները չեն կարողանում գտնել իրենց երեխաների մարմինները։ Նրանց եղբայրը ևս վիրավոր է և բուժում է ստանում մանկական հիվանդանոցում։