Հերթը Տավուշի և Արարատի մարզերինն է. Փաշինյանի նոր «նվերը» Ալիևին

Արցախյան 44-օրյա պարտերազմում կրած ծանր պարտությունը տարածաշրջանում փոխել է ուժերի հարաբերակցությունը։ Ադրբեջանը ոչ միայն բռնազավթել է Արցախին պատկանող տարածքները, այլև սկսել է Հայաստանի նկատմամբ բացահայտ տարածքային պահանջներ ներկայացնել։

Բոլորի համար էլ պարզ է, որ ստեղծված իրավիճակը արդյունք է Հայաստանի իշխանությունների և անձամբ Նիկոլ Փաշինյանի վարած ապիկար, անհաշվենկատ և արկածախնդիր քաղաքականության: Եվ կարծել, թե Արցախից ձեռքերը լվացող Փաշինյանն ու թիմը դրանով փրկելու են Հայաստանը միամտություն է: Իրականում, վտանգը միայն մեծանում է: Եթե վերլուծենք և համադրենք մինչ այս բաց աղբյուրներում հրապարակված և տարբեր կալիբրի հայ և ադրբեջանցի պաշտոնյաների կողմից շրջանառվող վարկածները, ապա այդ պայմանագիրը ներառելու է Հայատանի համար կործանարար կետեր: Դրանից մեկն է՝ Հայաստանի Տավուշի, Արարատի և Վայոց Ձորի մարզերից նոր տարածքների հանձնում Ադրբեջանին՝ «անկլավ» անվան տակ։ Անկլավների թեմային Փաշինյանն ու նրա ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը վերջին շրջանում շատ են անրադարձել:

Բացի այդ, Փաշինյանն ուղիղ է հայտարարել, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականության 86 600 քառակուսի կմ-ի մեջ մտնում են անկլավները:

90-ական թթ. սկզբին հայադրբեջանական հակամարտության արդյունքում բոլոր անկլավները, որպես այդպիսին, փաստացի վերացան, իսկ այդ հարցը կրկին քննարկումների դաշտ մտավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, երբ Կրեմլի պաշտոնական էջում հրապարակված եռակողմ հայտարարության նախնական տարբերակում նշվում էր Տավուշի գյուղերն Ադրբեջանին հանձնելու մասին, սակայն կարճ ժամանակ անց տեքստից հանվեց այդ հատվածը։ Ամիսներ առաջ արդեն համացանցում հայտնված սահմանազատման մասին աշխատանքային փաստաթուղթն ավելի թեժացրեց սույն թեմայի շուրջ քննարկումները։ Ընդ որում, խոսքը ադրբեջանական բոլոր նախկին անկլավների՝ Տավուշից 5 գյուղերի և Արարատի շրջանում՝ Նախիջևանի սահմանից ոչ հեռու գտնվող Տիգրանաշեն (Քյարքի) գյուղը ադրբեջանական վերահսկողության հանձնելու մասին է։

Տավուշի «անկլավները» Ադրբեջանին հանձնելով՝ ունենալու ենք ռազմավարական մի շարք խնդիրներ։ Հայաստանը Վրաստանին ու Ռուսաստանին կապող ճանապարհի մի քանի հատվածներ Ադրբեջանի վերահսկողության տակ կհայտնվեն։ Ոսկեպարով են անցնում Իջեւան-Նոյեմբերյան-Վրաստան միջպետական մայրուղու 2-3 հատվածներ, որոնք, այդ տարածքը հանձնելու դեպքում, անցնելու են Ադրբեջանին: Այսինքն՝ եթե Գորիս-Կապան հատվածում Իրանի Իսլամական Հանրապետության հետ կապող մեր միջպետական ճանապարհի հատվածներ տվեցինք Ադրբեջանի վերահսկողությանը, այստեղ էլ տալու ենք ՀՀ-Վրաստան-ՌԴ ճանապարհը: Բարխուդարլու եւ Սոֆուլու գյուղերի տարածքները հանձնելու դեպքում մոտակա Այգեհովիտ ու Դիտավան գյուղերը սահմանագծից հեռու կլինեն մոտ 300-500 մետր, իսկ Ազատամուտ գյուղը Սյունիքի մարզի Շուռնուխ համայնքի նման կիսվելու է: Ադրբեջանին հանձնվող տարածքների մեջ շրջանառվում է նաեւ Արարատի մարզի Տիգրանաշեն (նախկին Քյարքի) գյուղի անունը: Տիգրանաշենի հանձնման դեպքում Երեւանը Վայոց ձորին, Սյունիքին, այնտեղից էլ Իրանի Իսլամական Հանրապետությանը կապող միջպետական մայրուղու մի հատվածի վերահսկողությունը կանցնի Ադրբեջանին՝ դրանից բխող բոլոր բացասական հետեւանքներով:

Ընդ որում, Խորհրդային Ադրբեջանի տարածքում եղել են անկլավներ, որոնք մտել են Հայաստանի տարածքի մեջ, բայց եղել է նաև Արծվաշենը, Ադրբեջանի կազմում, և երկուստեք այդ գյուղերը գրեթե նույն տարածքն են ունենցել 0,2 տասնորդականով տարբերությամբ։ Այսինքն՝ խոսվում է միայն, այսպես կոչված, ադրբեջանական անկլավների մասին, և, չգիտես ինչու, մոռացության է տրվում Արծվաշենը, որը Ադրբեջանի կազմում էր, հիմա իրենց վերահսկողության տակ է: Բացի այդ, Ջողաբի ջրամբարի շրջանում՝ Բերքաբեր գյուղում, մենք զգալի թվով հողեր ունենք, որ հիմա Ադրբեջանի հսկողության տակ են, սակայն ՀՀ իշխանություններն այս տարածքների վերադարձի հարցերը չեն բարձրաձայնում

Նյութի Աղբյուրը