Տասնյակ հազարավոր մարդիկ հաշվառվել են այս պահի դրությամբ: Auroranews-ը կապ հաստատեց Սյունիքի մարզպետի աշխատակազմի գլխավոր քարտուղար Էդգար Մարտիրոսյանի հետ՝ հասկանալու` ինչ իրավիճակ է այնտեղ, բռնի տեղահանված մեր հայրենակիցներն ի՞նչ խնդիրների կարող են բախվել:
Խոսելով Գորիսի հյուրանոցներում ազատ տեղերի առկայության մասին` Մարտիրոսյանը նշեց, որ վաղուց տեղեր չկան: «Բռնի տեղահանված մեր հայրենակիցների մի մասը գալիս է Գորիս, հաշվառվում են, ապահովվում են սնունդով, երեխաների համար` մանկական կեր, եթե դրա անհրաժեշտությունը կա, եթե անհրաժեշտ է, բժշկական օգնություն, և տեղավորում ենք բնակվելու ՀՀ ողջ տարածքում»:
Ճշտող հարցին` այսինքն, չեք կենտրոնացել միայն Սյունիքի վրա՝ դիտարկվում է ՀՀ ողջ տարածքը, Մարտիրոսյանը պատասխանեց. «Մենք ուղարկել ենք և Վայոց ձոր, և Լոռի, Շիրակ, Արագածոտն Տավուշ, Կոտայք»:
Հարցին՝ հյուրանոցները ինչքա՞ն ժամանակ են պատրաստ իրենց հարկի տակ պահել բռնի տեղահանված մեր հայենակիցներին, Մարտիրոսյանն ասաց. «Ինչքան որ պետք է»:
Հիշեցնենք` ժամը 15։00-ի դրությամբ բռնի տեղահանվել և ՀՀ սահմանը հատել է 50 243 անձ։