Երեկ մասնակցում էինք արցախցի մի լույս տղայի հոգեհանգստի, ով զոհ էր դարձել մահաբեր պայթյունի:
Նստել էի այս ուժեղ մարդկանց կողքին ու մի բուռ դարձել՝ անճարությունից, ցավից, ամոթից…
Նստել ու մտածում էի՝ այսքան ցավի միջով անցած արցախցիներն ավելի սթափ են, քան մենք, ավելի անկեղծ են, քան մենք, ավելի կենդանի են, քան մենք, ավելի իրատես են, քան մենք, ավելի լավատես են, քան մենք…
Ցավը միասին են կիսում, կյանքն ու մահը միասին են ապրում:
Նստել էի սառը սգո սրահում, նայում էի այս ուժեղ մարդկանց, ովքեր սաստիկ վշտի պահին միմյանց ջերմություն էին փոխանցում, ու ամաչում էի, որ նրանք չեն հանձնվել, իսկ մենք կարծես թևաթափ ենք լինում:
Ընդհանրապես սգո սրահը սառը տեղ է, հայրս չէր ընդունում այս քաղաքակիրթ հրաժեշտի տարբերակը, ասում էր, որ մարդուն իր տանից է պետք դեպի հավերժական լույս ճանապարհել: Նստել մտածում էի, որ երևի շատ մարդիկ կուզեին և տանից ճանապարհել, բայց տունը չկա, օջախը չկա, ընտանեկան գերեզմանները չկան:
Նստել էի սառը սրահում ու լսում էի այս ուժեղ մարդկանց սովորական դարձած ծանր խոսակցությունները՝ «տոն ճարալըք, շտեղըք, քանի հոգովըք»…
Նստել էի սառը սրահում և ուզում էի նրանց պես ուժեղ լինել: