Իմ սիրելի աղջիկ, կգա օրը, որ ես կծերանամ․․․մոր նամակն իր դստերը

Իմ սիրելի աղջիկ… Կգա օրը, որ ես կծերանամ, և դու կլինես համբերատար և կփորձես հասկանալ ինձ: Եթե ես կեղտոտվեմ ճաշից, եթե չկարողանամ հագնվել առանց քո օգնության, եղիր համբերատար:

Հիշիր՝ ինչքան երկար ժամանակ եմ ծախսել, երբ այդքանը քեզ եմ սովորեցրել: Եթե քո հետ զրուցելուց նույն բանը հազար անգամ կրկնեմ, մի ընդհատիր, լսիր ինձ: Երբ դու փոքր էիր, ես հազար անգամ նույն հեքիաթը կարդացել եմ, որպեսզի դու քնես: Երբ տեսնես, որ ոչինչ չեմ հասկանում նոր տեխնոլոգիաներից, տուր ինձ ժամանակ և ինձ մի նայիր ծաղրական ժպիտով: Ես այդպես քեզ շատ բան եմ սովորեցրել. ինչպես ճիշտ ուտել, ինչպես գեղեցիկ հագնվել, ինչպես դիմակայել կյանքի դժվարություններին: Եթե ինչ-որ պահի ինչ-որ բան մոռանամ, կորցնեմ զրույցի շարանը, տուր ժամանակ, որպեսզի հիշեմ: Իսկ եթե ինձ մոտ այդպես էլ չստացվի, մի անհանգստացիր:

Ի վերջո ամենակարևորը. ինչ ես քեզ ասում եմ, լսիր, կարող է պատահել քեզ հետ: Եթե ես ախորժակ չունենամ, չստիպես ինձ ուտել: Ես ինքս գիտեմ, երբ պետք է ուտեմ, իսկ երբ ոչ: Եթե հոգնած ոտքերս հրաժարվեն ինձ ծառայել, տուր ինձ ձեռքդ, ինչպես տվեցի իմը, երբ դու առաջին քայլերդ էիր անում: Եվ եթե մի օր ես քեզ ասեմ, որ այլևս չեմ ուզում ապրել, այլ ուզում եմ մեռնել, ներիր ինձ իմ խոսքերի համար: Մի օր դու ինձ կհասկանաս: Տեսնելով իմ ծերությունը՝ մի տխրիր, մի խելագարվիր, մի զգա քեզ անզոր: Եղիր ինձ հետ, փորձիր ինձ հասկանալ և օգնիր, ինչպես ես եմ քեզ օգնել, երբ դու նոր էիր սկսել քո կյանքը:

Օգնիր ինձ շարժվել առաջ, օգնիր ինձ ավարտել իմ ուղին սիրով ու համբերությամբ: Ես կհատուցեմ քեզ իմ ժպիտով ու անսահման սիրով, որը երբեք չի խունանա: Ես սիրում եմ քեզ, իմ սիրելի դուստր…

Աստված քեզ օրհնի: