Սուրբ Նարեկի բուժիչ ուժը թող տարածվի Ձեր և Ձեր մտերիմների վրա:
👌Ընթերցելով բուժիչ աղոթքները կբժշկեք Ձեր մարմինն ու հոգին:
«Նարեկի» բուժիչ աղոթքները. մաս 1. հանգիստ քնի աղոթք
Սուրբ Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» գիրքը կամ «Նարեկը» հայ գրականության հանճարեղ ստեղծագործություն է, միաժամանակ դարեր շարունակ պաշտվել է մեր ժողովրդի կողմից: Այն համարվել ու համարվում է հոգին ու մարմինը բժշկող անփոխարինելի միջոց: Այնքան մեծ է հավատը այս գրքի նկատմամբ, որ մինչ օրս մարդիկ այն պահում են իրենց ննջասենյակներում, դնում հիվանդ մարդկանց անկողնու մեջ, տարբեր հիվանդությունների բուժման համար ընթերցում հատվածներ «Մատյանից»: Քչերը գիտեն, որ դեռևս միջնադարում «Մատյանի» ձեռագրերին կից հատուկ ցանկերում նշվել են հիվանդություններն ու դրանց բուժման համար նախատեսված համապատասխան աղոթքները:
Մատյանը ընկալվել է որպես հոգեբուժիչ և մարմանբուժիչ ամենակարող աղոթքների ժողովածու: Ըստ էության այդ ցանկերում նշվում էին Մատյանի կիրառության ոլորտները: Այսպես, գիշերային մղձավանջերից ազատման ու հանգիստ քնի համար պետք է կարդալ ԺԲ գլուխը: Ահա մի հատված այդ գլխից.
Ընդունի՛ր սիրով, Տեր Աստված հզոր, աղաչանքներն իմ դառնացած սրտի.
Քաղցր գթությամբ մոտեցիր դու ինձ՝ ամոթահարիս.
Փարատի՛ր, ամենապարգև՛, ամոթալի տխրություններս,
Վերցրո՛ւ ինձնից, ողորմա՛ծ, անտանելի ծանրություններս,
Հեռացրո՛ւ, հնարագետ, սովորություններս մահացու.
Խափանի՛ր, մի՛շտ հաղթող, հրապույրները խաբողի.
Վանիր, վերնային, մառախուղը մոլորեցնողի.
Կասեցրո՛ւ, կեցուցիչ, ընթացքը կորուսչի.
Ցրի՛ր, ծածկատե՛ս, չար հնարքները կապկապողի.
Խորտակիր, անքնի՛ն, հարձակումները մարտնչողի.
Տյառնագրի՛ր անունովդ լուսացույց երդն իմ հարկի.
Պարփակիր քո ձեռքով առաստաղը տաճարիս.
Գծագրիր քո արյունով սեմը սենյակիս մուտքի.
Դրոշմիր քո նշանը աղոթյալիս ճանապարհին,
Ամրացրու քո աջով խշտյակն իմ հանգստի.
Զերծ պահիր թակարդներից ծածկարանն իմ անկողնի.
Պահպանիր քո կամքով տառապած հոգիս.
Անխարդախ արա՛ քո շնորհած շունչը մարմնիս.
Կանգնեցրո՛ւ շուրջն իմ՝ պարը երկնային քո զորքերի,
Որպես դիմամարտ՝ դևերի գնդին:
Տո՛ւր հանգիստ բերկրալի մահահանգույն
նիրհիս խորին գիշերում՝
Բարեխոսությամբ սուրբ Աստվածածնիդ և բոլոր ընտրյալների:
Տեսությանս պատուհանները, որոնք մտքի զգայարաններ են,
Ամփոփիր այնպես ու պարուրիր,
Որ պաշտպանվեն միշտ անսասանելի
Կենցաղական հոգսերից բոլոր, անրջական երազներից,
Խռովահույզ ծփանքներից ու ցնորքներից խենթ ու խոլական
Ու հիշատակով աներկբա հույսիդ մնան անվնաս:
Որպեսզի երբ սթափվեմ իմ ծանր քնից,
Ամենազգաստ արթնությամբ և հոգենորոգ զվարթությամբ քո դեմ արձանացած,
Աղաչանքն այս իմ՝ հավատքի բուրմամբ,
Ո¯վ ամենօրհնյալ թագավոր անճառ փառքերի,
Երգակցելով երկնագումար փառաբանող խմբին՝
Քո բարձունքն ի վեր՝ առաքեմ առ քեզ:
Զի փառավորյալ ես դու արարածներից բոլոր
Հավիտյանս հավիտենից. ամեն:
(թարգմ.՝ Մ. Խերանյանի)
Աղբյուրը՝ Մատյան ողբերգության, Էջմիածին, 2012: