Սուրբ Զատկի սեղանի կերակրատեսակները. ի՞նչ է խորհրդանշում կերակուրներից յուրաքանչյուրը
🥙 Սուրբ Զատիկի տոնին սեղանի պարտադիր կերակուրներն են ներկած ձուն, չամիչով ու բրնձով փլավը, ձուկը, գինին: Զատկի սեղանին են դնում նաև կանաչու տարբեր տեսակներից պատրաստված կերակուրներ՝ համեմված սոխով, ձվով և այլ բաղադրամասերով: Կարևոր է հատուկ Զատիկի համար պատրաստվող կաթնահունց կոչվող հացը, որը խորհրդանշում է հացահատիկը։
Սակայն, յուրաքանչյուրն կերակրատեսակ ունի իր խորհուրդը:
🥚 Ձուն խորհրդանիշն է աշխարհի, և այն պարտադիր է ներկել միայն կարմիր գույնով, ինչը նշանակում է, որ ամբողջ աշխարհը փրկվեց Քրիստոսի արյամբ:
🍚 Բրինձը խորհրդանշում է աշխարհիկ մարդկանց, իսկ չամիչը՝ առաքյալներին: Չամիչը հոգևորականներն են, բրինձը՝ հավատացյալները: Չամիչը ճշմարիտ կյանքով ապրող քրիստոնյաներն են, ովքեր համ ու հոտ են տալիս իրենց շրջապատին, այսինքն՝ բրնձին՝ քաղցրացնելով նրա համը:
🍷 Գինին Քրիստոսի արյան խորհրդանիշն է: Վերջին ընթրիքի ժամանակ Քրիստոսն ասաց. «Սա է իմ ճշմարիտ արյունը, որը թափվում է բոլորի մեղքերի համար»՝ որպես խորհրդանիշ վերցնելով գինին: Երբ պատարագի ժամանակ քահանան օրհնում է հացն ու գինին, դա ճշմարտապես վերափոխվում է Քրիստոսի մարմնին ու արյանը:
🐟 Ինչ վերաբերում է ձկանը, որը համարվում համր կենդանի, ապա, երբ քրիստոնյաներին հալածում էին, նրանք իրար հանդիպելիս ձուկ էին նկարում, որ ցույց տան՝ քրիստոնյա են, չեն մատնի մեկը մյուսին։