Աղը շատ օգտակար համեմունք է, որը պահպանում է օրգանիզմում հեղուկի բալանսն ու անչափ կարևոր է նյարդերի ու մկանների համար, սակայն այս մթերքը կիրառելիս հարկավոր է շատ զգույշ լինել:
Սրտաբանների ամերիկյան ասոցացիան խորհուրդ է տալիս օրական 1.5 գրամ նատրիում օգտագործել, ինչը գրեթե մեկ թեյի գդալն է, սակայն մարդիկ հաճախ չեն նկատում, որ գերազանցում են այս քանակությունը, ինչը կարող է բավական տհաճ հետևանքներ ունենալ: Մասնագետները ներկայացրել են 5 ախտանշան, որոնք վկայում են աղի չարաշահման մասին:
Ծարավի զգացում
Աղի չարաշահման հիմնական ախտանշանը մշտական ծարավի զգացումն է և բերանի խոռոչի չորությունը: Այս կերպ գլխուղեղը փորձում է հուշել, որ օրգանիզմն ունի հեղուկի կարիք:
Այտուցներ
Աղի «գերդոզավորումը» հանգեցնում է օրգանիզմում նատրիումի մակարդակի բարձրացման, ինչի հետևանքով ավելորդ հեղուկը կուտակվում է հյուսվածքներում և առաջանում են այտուցներ: Բացի այդ, այս դեպքում հաճախ է նկատվում նաև փորափքանք:
Գլխացավեր
Օրգանիզմում նատրիումի բարձր մակարդակի դեպքում գլխուղեղի արյունատար անոթները լայնանում են, ինչն էլ հանգեցնում է գլխացավերի:
Զարկերակային բարձր ճնշում
Աղի չարաշահման դեպքում ավելորդ հեղուկը դուրս չի գալիս օրգանիզմից, ինչը բարձրացնում է սրտամկանի վրա գործադրվող ծանրաբեռնվածությունը, անկանոն է դարձնում զարկերակային ճնշումն ու բացասաբար է անդրադառնում ինքնազգացողության վրա:
Երիկամների հիվանդություններ
Աղի չարաշահումը նպաստում է մեզի մեջ սպիտակուցների մակարդակի բարձրացման ու միզազատական համակարգի աշխատանքի խանգարման: Այս դեպքում սննդակարգը չկարգավորելը կարող է հանգեցնել երիկամներում քարերի առաջացման, ինչը շատ վտանգավոր է: