Մհեր Բաղդասարյանի Tete a Tete հաղորդման հերթական հյուրն էր դարձել երգչուհի Սիլվա Հակոբյանը։ StarNews-ը հետևել է զրույցին՝ առանձնացնելով հետաքրքիր հատվածները։
Վայքից Երևան տեղափոխվելու և կարիերայի մեկնարկի մասին խոսելիս` Սիլվան նշել էր․
«Մենք կարողացանք մեզ գտնել նոր միջավայրում, բայց, միևնույնն է` դժվարությունները շարունակվում էին, որովհետև անընդհատ տներ էինք փոխում, վարձով էինք ապրում։ Էլի պապաս այստեղ վարսավիր էր աշխատում, մեր եկամտի միակ աղբյուրը դա էր, բայց երաժշտության հետ կապված ամեն հնարավորություն ստեղծել էր, յուրաքանչյուր տան մի սենյակ տրամադրվում էր մեր պրոդուկտը ստեղծելու համար։ Ամենամեծ խնդիրը ֆինանսական դժվարությունն էր, բայց հավատ կար, որ մի օր ամեն ինչ լավ է լինելու։ Կարևորը մեր սիրտը բաց էր, մեր տան դուռը բաց էր։ Ես խիստ ընտանիքում եմ մեծացել, և այլ կերպ մտնել շոուբիզնես անհնար էր։ Ես մինչ օրս ինձ հեռու եմ պահում շոուբիզնեսից։ Ես շոուբիզնեսի մարդ եմ, բայց նաև ընտանիքի մարդ եմ։ Եղել են հուսահատության պահեր, օրինակ՝ շատ մտերմացել եմ մեկի հետ, հետո հասկացել, որ դա իզուր էր, ես միշտ դրանից եմ դաս քաղել, որ տեսել եմ այդ մարդը իմ հանդեպ հետո ուրիշ ձև է։ «Գիշեր է» երգը տարածվել էր ռադիոներով, բայց չգիտեին, թե ով է կատարում, ֆինանս չկար տեսահոլովակ նկարահանելու համար։ Երբ Արամ Ավագյանը լսել էր երգը`հավանել էր։ Հետո իր ստուդիա է գալիս Արմենչիկը, երգը լսում է, հարցնում է, թե ով է այս երեխան։ Արամն ասել է, որ ֆինանսապես չեն կարողանում տեսահոլովակ նկարահանել, Արմենչիկն ասում է՝ ես կտամ գումարը, թող անպայման տեսահոլովակ ունենա։ Արմենչիկը վճարել է իմ առաջին տեսահոլովակի գումարը։ Ես այդ ժամանակ հասկացա, որ այդ պահը եկավ։ Շատ անգամներ զրուցել եմ Արմենչիկի հետ այս մասին, միշտ շնորհակալ եմ իրեն եղել ու մինչ հիմա։ Ինքը շատ բարի մարդ է ու ևս մեկ անգամ ապացուցեց իր բարությունը։ Ու խնդրել էր, որ չասեմ, ոչ մի տեղ չնշեմ իր անունը, դա ինքը արել էր սրտանց, բայց ոնց կարելի է մարդու բարի գործի մասին չխոսել»: