Անկեղծ ասած, երկար էի մտածում, գրեմ սրա մասին թե չէ։ Ճիշտն ասած՝ ներքուստ շատ էի նեղվում, գուցե և ամաչում, քանի որ տվյալ պատմությունը ամենևին էլ պատիվ չի բերում, բայց այդուամենայնիվ որոշեցի պատմեմ, քանի որ դա նաև դաս էր ինձ համար, ու սրանով հանրությունը էլ ավելի մոտիկից կկարողանա ճանաչել Լալային․․․
Ուրեմն սրանից դեռ շատ տարիներ առաջ, երբ ավելի երիտասարդ էի, մի գիշեր շատ էի խմել, հարբել էի ու էտ վիճակով դուրս եկել փողոցները չափչփելու։ Ընկերոջս հետ էինք, երկուսս էլ լավ խնած։ Ընթացքում որոշեցինք մտնել մի խանութ ու մի շիշ էլ վերցնել․․
Շոգ էր, ու անպայման ուզում էինք, որ խմիչքը սառը լիներ, բայց խանութի սառնարանում էտ պահին մեր ուզած օղուց դրված չէր։ Ու քանի որ խմած էինք արդեն, տևական ժամանակ համոզում էինք վաճառողուհուն, որ մեր ուզած օղին տա, ու ամեն անգամ ստանում նույն բացասական պատասխանը։ Ու երբ արդեն բորբոքվեցինք ու սկսեցինք շատ բարձր ձայնով, գրեթե գոռալով խոսել աշխատակցուհու հետ, նա սկսեց մի պահ վախենալ, ու ասաց՝ “Տղերք ջան, ախր էլ ոնց բացատրեմ։ Չեք հասկանու՞մ, որ չկա, ուղղակի չկա, ուրիշ տեղ գնացեք․․” Բայց մենք անդրդվելի էինք, ու շարունակում էինք պնդել ու բղավել՝ տարեց աշխատակցուհու վրա․․․
Ու էտ պահին, կողքից, հանկարծ մի կին կտրուկ մոտեցավ մեզ, ու շատ խիստ տոնով վրա բերեց՝ “Հեսա, որ միհատ լավ ապտակ ուտեք, նոր կհասկանաք։ Երիտասարդ, սիրուն տղերք եք, բայց ձեզ վերջին խուժանի պես եք պահում։ Հանգիստ թողեք էս մարդուն ու գնացեք տուն։ Էլ ոչ մի խանութ չմտնեք, ձեր հետևից գալու եմ․․” Մենք չհասցրինք անգամ ընդհատել նրան, կամ ինչ-որ բառ ասել։ Միտեսակ սառած հայացքով, գիպնոզացած լսում էինք, ու սուս-փուս հեռացանք։ Հաջորդ օրը, երբ արդեն սթափել էինք, ու խելքի էկել, որոշեցինք գնալ էտ խանութ ու ներողություն խնդրել վաճառողուհուց․․
Հենց տեղում պարզ դարձավ, որ մեզ սաստող կինը՝ հայտնի դերասան Լալա Մնացականյանն էր։ Աշխատակցուհին ասաց, որ մեր գնալուց հետո նա ասել էր, որ իբրև թե ճանաչում է մեզ, որ իրականում լավ երիտասարդներ ենք ու պետք չի տնօրինությանը տեղյակ պահել։ Թերևս, միայն տիկին Լալան կարող էր՝ կոմլիմենտ անելով, նաև տեղին վիրավորել, բայց այնպես, որ մենք մեզ վատ չզգանք։ Ու պետք է ասեմ, որ հետևել էինք տիկին Լալայի հորդոր-պահանջին, ու միանգամից տուն էինք գնացել, հակառակ դեպքում, ով գիտե, գուցե ինչ-որ փորձանքի հանդիպած լինեինք․․
Առիթ չեմ ունեցել անձամբ շնորհակալությունս հայտնելու տիկին Լալային, քանի որ ամաչում էի, բայց այսօր որոշեցի կիսվել, պատմել, որ մարդիկ տեսնեն թե ով էր իրականում նա։ Թող լույս իջնի Ձեր շիրիմին, հարգելի Լալա Մնացականյան։ Շնորհակալ ենք․․․
Նամակը մեր խմբագրություն է ուղարկել Գևորգը, ում հետ էլ և կատարվել էր այս, իսկապես, հուզիչ ու խրատական դեպքը։