ՀՀ վարչապետը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ, աշխատանքային այցով ժամանել է Թունիս (լուսանկարներ, տեսանյութ)

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ աշխատանքային այցով ժամանել է Թունիսի Հանրապետություն՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության (ՖՄԿ) 18-րդ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով:Այս մասին տեղեկացնում է ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Ջերբա քաղաքի միջազգային օդանավակայանում տեղի է ունեցել դիմավորման պաշտոնական արարողությունը: Վարչապետին և տիկին Հակոբյանին դիմավորել է Թունիսի պաշտպանության նախարար Իմեդ Մեմիչը:Նոյեմբերի 19-20-ին անցկացվելիք Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության (ՖՄԿ) 18-րդ գագաթնաժողովի ընթացքում Հայաստանը ՖՄԿ գագաթնաժողովի նախագահությունը փոխանցելու է Թունիսին: Գագաթնաժողովում վարչապետ Փաշինյանը հանդես կգա ելույթով:

Այցի շրջանակում վարչապետը կունենա նաև երկկողմ հանդիպումներ՝ տարբեր երկրների առաջնորդների հետ:Ջերբայում գործելու է Ֆրանկոֆոնիայի ավան։ Մասնակից երկրները, ՖՄԿ գործընկերներն ու գործակալությունները հնարավորություն կունենան ցուցադրել իրենց երկրների մշակութային բազմազանությունը. ձեռագործ աշխատանքների ցուցահանդես-վաճառք, մասնակից պետությունների զբոսաշրջային հնարավորությունների, արվեստի ու մշակույթի գործերի, ինչպես նաև ազգային խոհանոցի ներկայացում:

Այս հարթակում Հայաստանի Հանրապետությունը ներկայանալու է «Մշակույթ և տեխնոլոգիա» խորագիրը կրող տաղավարով, որի ձևավորման առանցքում հայկական հարուստ գորգագործական մշակույթն է:

Աղբյուր