Ոստիկանական համակարգի ամենից վառ դեմքերից է Մելինե Եղշատյանը, որը արդեն երկու տարի է, ինչ ղեկավարում է ոստիկանական Լոռու մարզային բաժինը՝ լինելով դեռևս միակ կին ղեկավարն այդ ոլորտում։ Մելինեին իր ներկայիս
հաջողություններն ու ձեռքբերումները հեշտ չեն տրվել։ Նա դպրոցական տարիներից սիրել է ոստիկանական համազգեստն ու համակարգը։ Տանը շատ են զարմացել, երբ հայտարարել է, որ առաջիկայում ոստիկան է դառնալու։ Մելինեն հիշում է,որ դեմ է արտահայտվել հատկապես եղբայրը։ Մելինեն դիմել է ոստիկանական ակադեմիա, որը, սակայն, առաջին տարում չի կարողացել ընդունվել, քանի որ մեկ միավոր է պակաս եղել։ Նա նախ Վանաձորի մանկավարժական համալսարանն է
ընդունվել։ Ուսումնառության առաջին ամիսներից հասկացել է, որ դա իր ոլորտը չէ, ինքը զբաղվում է ինքնախաբեությամբ։ Նորից է գնացել ոստիկանական ակադեմիա՝ ընդունվելով չորրորդ փորձից։ Երբ տարիների ջանասեր աշխատանքից հետո Մելինեն ստացել է մարզային բաժնի ղեկավարի աշխատանքի առաջարկը, շատ է զարմացել։ Նա իր աշխատանքային գործունեության մեջ առանձապես կարևորում է սկզբունքայնությունն ու արդարամտությունը։