Հանրապետությունում սպասվող տոնական օրերը լինելու են առանց ձյան: Հրավիրված ասուլիսում ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը տեղեկացրեց, որ առաջիկա օրերին՝ մինչև հունվարի 5-ն, առկա անտիցիկլոնն իր ազդեցությունը պահպանելու է, ինչը բոլոր մարզերում ապահովելու է պարզ երկինք, առանց տեղումների եղանակ:
«Ավելին, հունվարի 1-ից սպասվում է արևադարձային տաք հոսանքների բուռն ներհոսք, ինչը ենթադրում է օդի ջերմաստիճանի բարձրացում: Դրան չեն արձագանքի Երևանը և Արարատյան դաշտը, որովհետև նշված հատվածներում ունենք սառը օդի լճացում, որն արգելափակելու է այդ տաք օդային հոսանքների ներթափանցումը»,-ասաց Գագիկ Սուրենյանը:
Ի տարբերություն Երևանի ու Արարատյան դաշտի, Հանրապետության մյուս շրջաններում օդի ջերմաստիճանը հունվարի 1-3-ն ընկած ժամանակահատվածում զգալի բարձրանալու է: Սպասվում է մոտ 5-6 աստիճանով օդի ջերմաստիճանի բարձրացում: Լեռնային գրեթե բոլոր մարզերում ցերեկային ժամերին կգրանցվի +5…+6, նախալեռնային հատվածներում՝ մինչև +10: Սյունիքի, Տավուշի հովտային գոտիներում կարձանագրվի +16…+17: Այն կլիմայական նորմայից բարձր է 8-10 աստիճանով:
Արարատյան դաշտի և Երևանի հատվածում առաջիկա հինգ օրերի համար կանխատեսվող ջերմային ֆոնը գիշերային ժամերին կլինի -3…-6, ցերեկային ժամերին՝ մինչև +6 աստիճան տաքություն:Ինչ վերաբերում է հունվարին, ապա Գագիկ Սուրենյանը տեղեկացրեց, որ տաք եղանակ է սպասվում է: Օդի ամսական միջին ջերմաստիճանը կլիմայական նորմայից բարձր կլինի 2-3 աստիճանով: Տեղումների քանակը կանխատեսվում է նորմայից պակաս: