Տատիկիս շատ եմ սիրում: Շատ բարի ու դրական կին է: Միշտ մարդկանց լավությւոն է անում ու օգնում է ինչով կկարողանա: Ես էլ, երբ կարողանում եմ, անպայման հյուր եմ գնում տատիկիս ու շատ երկար զրուցում հետը: Տատս մեծ ծաղկանոց ունի, որտեղ ինչ տեսակի ծաղիկ ասես կա: Նա այնքան խնամքով է վերաբերվում իր ծաղիկներին, որ նախանձել կարելի է:
Սկզբում ես զուտ մտածում էի, որ տատիկս ուղղակի միշտ սիրել է ծաղիկներ ու դրա համար է ստեղծել այդ ծաղկանոցը, բայց հետո պարզվեց, որ դա լրիվ ուրիշ պատմություն ունի, որից ես փշաքաղվել էի: Մի օր տատիս հարցրեցի, թե ինչու որոշեց այդքան մեծ ծաղկանոց ունենալ ու ամեն տեսակի ծաղիկ աճեցնել, նա խորը հոգոց հանեց ու ասաց.
— Անի ջան, էս ծաղկանոցն ինձ համար ուրիշ նշանակություն ունի, որի մասին ես երբեք չեմ խոսել, բայց այսօր կպատմեմ քեզ: Ես ու պապդ նոր էինք ամուսնացել, ու ես սպասում էի մեր առաջնեկին: Մենք շատ ուրախ էինք, որ երեխա ենք ունենալու: Եկավ օրը ու ծնվեց մեր երեխան՝ աղջիկ էր: Բայց կենդանի չէր: Աշխարհը փլվեց գլխիս, ես նման հարվածի պատրաստ չէի, ես իմ երեխային շատ էի սպասում, բայց ցավոք, նա արդեն կենդանի չէր: Պապուդ ասացի, որ ես ուզում եմ, որ նա մեզ հետ մնա: Պապդ վերցրեց երեխային, երկուսով տարանք ու ողբալով թաղեցինք մեր տան դիմաց՝ այգում: Այդ օրվանից ես խոստացա, որ այդ այգին միշտ ծաղկած է
լինելու: Այդ այգին ինձ համար դադարեց զուտ հաղատարածք լինել, այնտեղ իմ մի մասնիկն էր: Ես այն դարձրեցի ծաղկանոց, ամեն օր խնամքով գնում էի ու խնամում իմ ծաղիկներն ու այգին դարձավ ծաղկաստան: Հետո մենք էլի երեխաներ ունեցան, մեր տունը լցվեց մանկան ճիչով, բայց այս այգին մեր համար ուրիշ նշանակություն ունի: