Ալիևի ցեղասպան ռեժիմը շարունակում է իր լայնածավալ հարձակումն ու արյունահեղությունը Արցախում՝ օգտագործելով իր զինանոցում եղած բոլոր զենքերը պաշարված, հյուծված ու փոքր ազգի դեմ։ Այս մասին տելեգրամի իր ալիքում գրել է Արցախի պետնախարարի նախկին խորհրդական Արտակ Բեգլարյանը։
«Ցավոք սրտի, ունենք տասնյակ զոհեր և 200-ից ավելի վիրավորներ, սակայն թիվը շարունակում է աճել։ Մյուս կողմից, կարևոր է ընդգծել, որ Ադրբեջանի ցեղասպան բանակը նույնպես մեծ կորուստներ է կրել, ըստ երևույթին ավելի շատ, քան մենք։ Դա նրանից է, որ մեր հերոս տղաները կատաղի դիմադրել և դիմադրում են ցեղասպան բանակին՝ պաշտպանելով իրենց հայրենիքը, ընտանիքն ու արժանապատվությունը։
Ինձ համար վաղուց պարզ էր, որ Ալիևի ռեժիմի համար նշանակություն չունի ոչ միայն հայի, այլև ադրբեջանցիների կյանքը, և այդ պատճառով նա պարբերաբար մսաղացի մեջ է գցում իր հայրենակիցներին։
Ի վերջո, իզուր չէ, որ ադրբեջանական հասարակությունը դժգոհում է և պահանջում, որ իրենց պաշտոնյաների զավակներին ուղարկեն մարտի դաշտ, որից հետո նրանք չեն համարձակվի խաղալ մարդկային կյանքերի հետ»։