Մենք տարիների կուտակած փողով ամառանոց գնեցինք ու կրակն ընկանք մեր ընկերների ու բարեկամների ձեռքը, հիմա նրանք մեր ամառանոցից դուրս չեն գալիս

Ես միշտ երազել եմ ամառանոց ունենալ և երկու տարի առաջ իմ երազանքը կատարվեց: Ես ու կինս, կարելի է ասել, չենք ուզում ամառանոցից տուն գալ: Մշակում ենք հողը, վայելում բերքն ու բարիքը: Մեր ընկերներն ու բարեկամները դարձել են մեր մշտական հյուրերը: Ես ու կինս միշտ սիրով ընդունում ենք նրանց: Տունն ունի մի քանի սենյակ, սիրով տրամադրում ենք նրանց գիշերակացի համար: Օր չկար, որ մեր բակից խորովածի ծուխ դուրս չգար, միշտ շատ հյուրեր, ուրախ երաժշտություն:

Բայց վերջերս տեղի ունեցած դեպքից հետո, որոշել եմ այլևս ոչ ոքի չընդունել: Սովորականի պես հավաքվել էին ընկերներս՝ կանանց հետ: Տղամարդկանցով գործի անցանք, միս էի գնել, ուզում էինք խորոված անել: Կինս արագ-արագ սկսեց սեղան պատրաստել: Խորովածը պատրաստ էր սեղան նստեցինք, բոլորը նստեցին, տղամարդիկ կանանց նստեցրին իրենց կողքին, իսկ կինս մնաց ոտքի վրա՝ մատուցողի դերում: Նա այդպես էլ չկարողացավ սեղան նստել, իսկ կանանցից ոչ մեկը նրան օգնելու փորձ չարեց:

Երեկոյան, երբ պետք էր սեղանը հավաքել ու սուրճ մատուցել, ձայն տվեցի կնոջս, բայց նա չլսեց, ես դիմեցի մոտ ընկերոջս կնոջը՝ խնդրելով, որ մեզ համար սուրճ պատրաստի: Բայց ընկերս վի րավորվեց. Իմ կինը մատուցո՞ղ է, այսքան կանանցից ինչու՞ նա պետք է սուրճ պատրաստի:
Իհարկե կինս պատրաստեց: Նրանց հեռանալուց հետո կինս մինչև ուշ գիշեր խոհանոցում լվանում էր սպասքի մեծ կույտը: Նա ինձ ոչինչ չասաց, բայց ես որոշեցի այլևս ոչ մեկին չընդունել։