Տղաս բավականին մեծ էր, երբ որոշեցինք երկրորդ բալիկն ունենալ։ Երբ իմացա, որ հղի եմ, կանչեցինք տղայիս ու հայտնեցին, որ շուտով քույրիկ կամ ապերիկ է ունենալու ու մեր ընտանիքը համալրվելու է։ Բայց նա անսպասլեի վատ արձագանք տվեց։
Սկզբում նա ուղղակի ասաց, որ չի ուզում ոչ եղբայր, ոչ էլ քույր։ Ասաց, որ ինքն իրեն մենակ շատ լավ է զգում, ու չի սիրելու նոր ծնվող երեխային։ Սկզբում մտածում էի, որ խանդում է ու կամաց-կամաց կանցնի այս ամենը, բայց հետո գնալով ավելի խորացավ նրա խանդը։
Հղիության ամբողջ ընթացքում ասում էր, որ ինքն ուզում է մենակ լինի ու չի ուզում, որ մեր տուն նոր երեխա գա։ Ես ու ամուսինս էլ արդեն շատ լուրջ անհանգստանում էինք ու մտածում էինք, ինչ ենք անելու նոր երեխայի ծնունդից հետո։
Բայց, ի զարմաս մեզ, երբ ես երեխայի հետ տուն եկա, տղաս մոտեցավ ու խնդրեց գրկել երեխային։ Հաջորդ օրն ասաց, որ ինքն ինձ կօգնի երեխայի խնամքի հարցում ու սկսեց հարմարվել նոր մարդու գոյության հետ։ Հիմա նա ժամերով նստում է երեխայի մահճակալի կողքին ու նայում նրան։ Երեկ էլ ասաց, որ երեխային շատ է սիրում և ուրախ է, որ նա ծնվել է։