Տղամարդը միաժամանակ ամուսնացել է երկվորյակ քույրերի հետ

Նիգերիայի բնակիչը միաժամանակ ամուսնացել է երկվորյակ քույրերի հետ եւ կազմակերպել շքեղ հարսանեկան արարողություն, հայտնում է Gh Page-ը։Համացանցում տարածվել են հարսանեկան արարողության լուսանկարները։ Դրանցում երեւում է, թե ինչպես է տղամարդը հարսանիքին նստած երկու կանանց հետ, որոնք գտնվում են նրանից աջ եւ ձախ։

Սոցցանցերի օգտատերերը բացասաբար են արձագանքել լուսանկարներին։ Նրանք կարծիք են հայտնել, որ տղամարդը զզվելի արարք է կատարել եւ պարտավոր է ամուսնալուծվել կա՛մ երկու կանանցից, կա՛մ միայն մեկից, այլապես փորձանքից խուսափել հնարավոր չէ։ Նրանցից շատերի գլխում չի տեղավորվում, թե ինչպես կարող էին նորապսակների հարազատները հավանություն տալ նման հարսանիքին։

«Այդպես լինում է, երբ հանդիպում ես երկվորյակների, որոնք չեն ցանկանում առանձին ապրել: Նրանք պայման են դնում, որ դու պետք է միաժամանակ հանդիպես իրենց հետ, կամ հարաբերությունների մասին կարելի է մոռանալ»,- գրել է օգտատերերից մեկը։

«Նա չի կարող նրանց հավասարապես սիրել: Հուսով եմ՝ նրանք դա կգիտակցեն ամուսնության ընթացքում։ Երջանիկ ամուսնական կյանք եմ մաղթում նրանց»,- ասել է մեկ այլ մեկնաբանության հեղինակը։