Երևի հնարավոր չէ գտնել մի մարդ, ով մի անգամ գոնե չի լսել Գարուի երգերը, հատկապես՝ Notre-Dame de Paris-ն։ Միլիոնավոր մարդիկ ճանաչում և սիրում են կանադացի ֆրանսալեզու երգչին, սակայն քչերը գիտեն, որ նա արմատներով հայ է, իսկ իսկական անուն ազգանունը Պիեր Գարանյան է:
Գարուն ծնվել է 1972-ին էթնիկ հայերի ընտանիքում՝ Շերբուկ քաղաքում, որը գտնվում է Կանադայի հյուսիսում: «Մինչև հիմա հիշում եմ, թե ինչպես էր տատիկս ինձ հայերեն խոսել սովորեցնում: Ինձ ասում էր, փոքրի՛կ, իմ հետևից կրկնի՛ր «Բարև ձեզ, ինչպե՞ս եք»: Այս խոսքերը ես միշտ եմ հիշում»,- հարցազրույցներից մեկում պատմել է Գարուն և ասել է, որ երգել իրեն հենց տատն է սովորեցրել:
Երբ կոմպոզիտոր Լուկ Պլամոնդոն քասթինգ է անցկանցնում իր Notre-Dame de Paris նոր մյուզիքլի համար, արտիստների մեջ հայտնվում է նաև Գարուն։ Նրա ձայնը ուղղակի հիացնում է կոմպոզիտորին։
Այդ պահին կյանքը ժպտաց Գարուին, քանի որ նա ճիշտ պահին ճիշտ տեղում էր հայտնվել: Քասթինգից երեք ամիս անց քաղաքի ամեն անկյունում Notre-Dame de Paris մյուզիքլի պաստառներն էին, որոնց վրա ծագող աստղ Գարուի լուսանկարներն էին՝ Քվազիմոդոյի դերում:
Այդ դերում Գարուն ուղղակի փայլում էր: Քվազիմոդոն նրան մեծ ճանաչում բերեց: Նա շրջագայեց ողջ աշխարհում՝ Փարիզ, Լոնդոն, Բրյուսել: 1999-ին ստացավ World Music Award մրցանակը Belle երգի համար, որը 33 շաբաթ շարունակ գլխավորում էր ֆրանսիական հիթ շքերթները և համարվում էր լավագույն երգերից մեկը:
«Պիերով ինձ դիմում են ընդամենը 3 հոգի՝ բանկի աշխատողը, մայրս և քույրս»,- մի անգամ կատակով ասել է Գարուն: Իսկ իր հաջողության համար երգիչը շնորհակալ է իր հայկական արմատներին և իր տատիկին: