Մի ծեր տղամարդ տեղափոխվեց ապրելու իր որդու, հարսի ու չորսամյա թոռան մոտ։ Նրա ձեռքերը դողում էին, աչքերը վատ էին տեսնում, քայլվածքը սահուն չէր։
Ընտանիքը միասին էր ուտում, մի սեղանի շուրջ, բայց պապիկի ծեր, դողացող ձեռքերն ու թույլ տեսողությունը բարդացնում էին այդ գործընթացը։ Գդալի միջից թափվում էր ողջ ճաշը, երբ նա իր դողացող ձեռքերում էր սեղմում բաժակը, ողջ կաթը թափվում էր սփռոցին։
Հարսն ու որդին ավելի ու ավելի շատ էին նյարդայնանում դրանից։
– Մենք պետք է ինչ-որ բան ձեռնարկենք,- ասաց որդին։
– Բավական է, էլ չեմ դիմանում նրա աղմկոտ, չփչփոցով ուտելուն, թավող կաթին ու հատակով մեկ տարածված կերակուրների մնացորդներին,- երկրորդեց հարսը։
Եվ այդպես հարսն ու որդին որոշեցին սենյակի անկյունում մի փոքրիկ սեղան դնել։ Այնտեղ պապիկը սկսեց ուտել միայնության մեջ այն դեպքում, երբ ընտանիքի մյուս անդամները վայելում էին ճաշը։ Այն բանից հետո, երբ պապիկը երկու անգամ կոտրեց ափսեները, նրան սկսեցին ճաշը փայտե թասերով մատուցել։ Երբ ընտանիքի անդամներից որևէ մեկը հայացք էր նետում դեպի պապիկը, տեսնում էր, որ երբեմն նրա աչքերում արցունքներ էին հայտնվում, քանի որ նա բոլորովին միայնակ էր։ Այդ ժամանակից ի վեր միակ բառերը, որոնք նա լսում էր իր հասցեին, սուր նկատողություններն էին, երբ նա գցում էր պատառաքաղը կամ թափում կերակուրը։
Չորս տարեկան տղան այս ամենին հետևում էր լուռ կերպով։ Մի անգամ երեկոյան՝ ընթրիքից առաջ, հայրը նկատեց, որ որդին հատակին խաղում է փայտյա տաշեղով։ Նա քնքշորեն հարցրեց որդուն.
– Ինչո՞վ ես զբաղված, որդիս։
Որդին պատասխանեց.
– Ես քեզ ու մայրիկի համար փոքրիկ թասեր եմ պատրաստում, որոնցով դուք կուտեք, երբ ես մեծանամ։
Այս ասելով՝ որդին ժպտաց ու շարունակեց աշխատել։
Այս խոսքերն այնպես ապշեցրին նրա ծնողներին, որ վերջիններս կորցրին խոսելու ունակությունը։ Ապա նրանց աչքերից արցունքներ հոսեցին, և թեպետ ոչ մի բառ երկուսն էլ չարտաբերեցին, նրանք գիտեին, թե ինչ պետք է անեն։
Այդ երեկո տղան մոտեցավ ծեր հորը, բռնեց նրա ձեռքն ու նրբորեն նրան վերադարձրեց ընտանեկան ընդհանուր սեղանի մոտ։ Իր կյանքի մնացած բոլոր օրերին նա ճաշում էր ընտանիքի հետ։ Եվ չգիտես թե ինչու, ոչ ամուսինը, ոչ կինն այլևս չէին անհանգստանում, երբ ընկնում էր պապիկի պատառաքաղը, թափվում էր նրա բաժակի կաթը կամ կեղտոտվում էր սփռոցը։