Խոսքը հայ ֆիզիկոս, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր (1940), պրոֆեսոր Արտեմ Իսահակի Ալիխանյանի մասին է՝ ծնված 1908 թվականի հունիսի 11-ին Թիֆլիսում
Ավարտել է Լենինգրադի համալսարանը (1931)։ 1943-1973 թվականներին՝ Երևանի ֆիզիկայի ինստիտուտի տնօրեն։ 1946-1960 թվականներին՝ Մոսկվայի ճարտարագիտաֆիզիկական ինստիտուտի տարրական մասնիկների լաբորատորիայի վարիչ։
Աշխատությունները վերաբերում են միջուկային ֆիզիկային, տիեզերական ճառագայթների և տարրական մասնիկների ֆիզիկային, արագացուցիչների տեսությանը և ստեղծմանը։ 1934 թվականին Աբրահամ Ալիխանովի և Մ. Կոզադաևի հետ հայտնաբերել է գրգռված միջուկներից էլեկտրոն-պոզիտրոն զույգերի առաքման երևույթը, 1936 թվականին Ա. Ալիխանովի և Լ. Արցիմովիչի հետ փորձով հիմնավորել է իմպուլսի պահպանման օրենքը էլեկտրոն-պոզիտրոն զույգերի անիհիլացման ժամանակ։
1942 թվականին Ալիխանովի հետ հիմնադրել է Արագածի տիեզերական ճառագայթների հետազոտման կայանը, հայտնաբերել լիցքավորված մասնիկների «նեղ» հեղեղները (1943), մեծ էներգիայով պրոտոնների առատ հոսքի գոյությունը տիեզերական ճառագայթներում (1945), տիեզերական նեյտրոնների ազդեցությամբ ատոմից արագ պրոտոններ անջատվելու երևույթը (1950)։ Ալիխանովի հետ փորձարարական հետազոտությունների հիման վրա առաջինն է նշել (1946) տարրական նոր մասնիկների գոյությունը տիեզերական ճառագայթներում։
Ատոմի միջուկի գաղտնիքները բացահայտելու համար ֆիզիկոսներն այն ռմբակոծում են մեծ էներգիա ունեցող տարրական մասնիկներով։ Այդպիսի էներգիա ունեցող մասնիկներ ստանալու համար ստեղծվեցին արագացուցիչներ, որտեղ տարրական մասնիկների շարժումն արագացվում է, և դրանք ձեռք են բերում մեծ էներգիա։ ԽՍՀՄ-ում կոշտ կիզակետումով պրոտոնային առաջին արագացուցիչն ստեղծվեց Աբրահամ Ալիխանովի ղեկավարությամբ Մոսկվայում, իսկ ժամանակի ամենահզոր էլեկտրոնային արագացուցիչը՝ Արտեմ Ալիխանյանի նախաձեռնությամբ ու ղեկավարությամբ՝ Երևանում։ Մեծ էներգիայով տարրական մասնիկների ուսումնասիրության համար Արտեմ Ալիխանյանը ստեղծեց նաև բազմաթիվ սարքեր։
Ալիխանյանը ստեղծել և կատարելագործել է մեծ էներգիայով մասնիկների հետազոտման սարքեր (մագնիսական մասսպեկտրոմետր, բշտիկային և կայծային խցիկներ)։ Ալիխանյանի նախաձեռնությամբ ստեղծվել է Երևանի էլեկտրոնային օղակաձև արագացուցիչը։
Կազմակերպել է Մոսկվայի ճարտարագիտաֆիզիկական ինստիտուտի միջուկային ֆիզիկայի ամբիոնը (1946), հիմնադրել Նոր Ամբերդի կայանը (1958), ղեկավարել տեսական և փորձարարական ֆիզիկայի Նոր Ամբերդի դպրոցը։
Տաղանդավոր հայը վախճանվել է Մոսկվայում և թաղված է Երևանում: